Ըստ հետազոտության, որը Սթենֆորդի մասնագետների հետ համագործակցությամբ նախաձեռնել եւ անցկացրել է Մոնրեալի համալսարանից փիլիսոփայության դոկտոր Սաբրինա Սյուֆրենը, չափազանց խիստ դաստիարակությունը, ձայնը անընդհատ բարձրացնելը, ծնողների կողմից ցնցումներն ու ծեծը արդեն պատանեկության տարիներին կարող են հանգեցնել երեխայի ուղեղի փոքրացման: Արդյունքները հրապարակվել են Development and Psychology ամսագրում:

Երեխաների նկատմամբ ծնողների կողմից չափազանց խստությունը բավական տարածված է ամբողջ աշխարհում: Իսկ հետեւանքները ոչ միայն բացասաբար են անդրադառնում երեխայի ուղեղի վրա: Երեխաների նկատմամբ այս վերաբերմունքը բացասաբար է ազդում նաեւ նրանց սոցիալական եւ հուզական հասունացման վրա:

Դեռահասների նկատմամբ դաժան վերաբերմունքը հաճախ վերածվում է ավելի ուշ տարիքում դեպրեսիայի եւ բարձր տագնապայնության հակվածության: Այս ոլորտի մասնագետների նախորդ աշխատանքներն արդեն ապացուցել են, որ ծնողների կամ խնամակալի դաժան վերաբերմունքից տառապած երեխաների մոտ տուժում են ուղեղի այն հատվածները, որոնք առաջատար դեր են խաղում հույզերի կարգավորման գործում: Իսկ երկու տարի առաջ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ չափազանց խիստ դաստիարակության եւ դեռահասների ուղեղի ֆունկցիայի փոփոխության միջեւ անմիջական կապ կա: Այժմ գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ այդ դեպքում փոխվում է նաեւ ուղեղի կառուցվածքը:

Այս հետազոտությունը երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ մեծ տարիքում բարձր տագնապայնության, ինչպես նաեւ ուղեղի ֆիզիկական փոփոխությունների միջեւ կապը պարզելու եւ ապացուցելու առաջին փորձերից մեկն է: