Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 16-ին ներկա է գտնվել է Հանքավանի «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրի բացմանը: Նա շրջել է հանգստյան տան տարածքով ծանոթացել պայմաններին ու առաջարկվող ծառայություններին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է ամերիկահայ գործարար Սեդրակ Աճեմյանի ներդրումը Հայաստանում եւ հույս հայտնել, որ այն օրինակելի կլինի սփյուռքահայ մյուս գործարարների համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ներդրումը կատարվել է ոչ թե Երեւանում, այլ մարզում, ինչը խթանելու է տարածքային համաչափ զարգացումը:

Հանգստյան տունը վերակառուցվել է նախկին Էրեբունի հանգստավայրի հիմքի վրա: «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրի շինարարության ընթացքում կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Նշենք, որ Սեդրակ Աճեմյանը ՍԴՀԿ ղեկավարն է: