Բարձրագույն դատարանի նախկին դատավոր Լորդ Սումփշենը հայտարարել է, որ կորոնավիրուսի կապակցությամբ բրիտանացիների ազատությունների սահմանափակումը կարող է տեւել այնքան, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարգավորումը, այսինքն՝ 10 տարի, հաղորդում է Daily Mail-ը:
Նա ասել է, որ քաղաքական տեսանկյունից իրատեսական չի թվում, որ կառավարությունն առաջիկայում կհրաժարվի հասարակության նկատմամբ հսկողությունից, քանի որ հենց հասարակությունն է արդեն սովորել դրան:
Լորդ Սումփշենը համարում է, որ սահմանափակումները թույլ են տալիս բրիտանացիներին անվտանգ զգալ:
«Սակայն 1951 թվականի համընդհանուր ընտրություններին Լեյբորիստական կուսակցությունն ամբողջովին կորցրել էր իր մեծամասնությունը, քանի որ մարդիկ հոգնել էին հասարակական վերահսկողության հնգամյա փորձից: Վաղ թե ուշ դա տեղի կունենա եւս մեկ անգամ»,-նշել է նախկին դատավորը:
SAGE-ի գիտնականներն արդեն հայտարարել են, որ դիմակներ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու ռեժիմը, հնարավոր է, անհրաժեշտ կլինի հետագայում տարվա սառը եղանակներին, երբ կորոնավիրուսի նման վիրուսներն ավելի հեշտությամբ են տարածվում:
Անգլիայի հանրային առողջապահության դեպարտամենտի իմունիզացիայի բաժնի ղեկավար Մերի Ռամզին նշել է, որ սահմանափակումները կարող են ուժի մեջ մնալ մի քանի տարվա ընթացքում, քանի որ Բրիտանիան պետք է սպասի, քանի դեռ մյուս երկրները չեն հասել նույն արդյունքին իրենց պատվաստումների ծրագրերով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի նշում Covid-ի կապակցությամբ սահմանափակումները չեղարկելու ամսաթիվը, սակայն նախատեսվում է, որ սահմանափակումների մեծ մասը կչեղարկվի հունիսի 21-ին:





























