Այս տարի Հայաստանում գրանցվել է օձերի խայթելու 12 դեպք՝ 2-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ. ընդ որում, մայրաքաղաքում գրանցվել է օձերի խայթոցի 2, Գորիսում եւ Սիսիանում՝ 6 դեպք։ Հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։

Տուժածներից մեկի կյանքը, նրա խոսքով, չնայած գործադրված բոլոր ջանքերին՝ չի հաջողվել փրկել։ Այս պահի դրությամբ, բժիշկների հսկողության տակ են գտնվում օձի խայթոցից տուժած եւս երկու մարդիկ, որոնցից մեկը զինծառայող է, իսկ մյուսը հասարակ քաղաքացի։

«Զինվորին օձը խայթել է դիրքերում, կարծեմ Ղարաբաղում, նրա կյանքին վտանգ չի սպառնում եւ արդեն հաջորդ շաբաթ կտեղափոխվի զինվորական հոսպիտալ։ Մյուս քաղաքացու վիճակը, որը երեկ է հոսպիտալացվել, հակառակը, բավական ծանր է»,- տեղեկացրեց Գաբրիելյանը։

Հանրապետության գլխավոր թունաբանի խոսքով, ամեն տարի Հայաստանում գրանցվում է օձերի խայթոցի շուրջ 30-40 դեպք։ Սողունների հետ հնարավոր հանդիպումներից զերծ մնալու համար նա խորհուրդ տվեց  ուշադիր լինել հատկապես երեխաներին քաղաքից դուրս տանող մեծահասակներին՝ հորդորելով տվյալ վայր մեկնելուց առաջ ծանոթանալ տեղանքում տարածված օձերի տեսակներին եւ հավելյալ  զգուշավորություն ցուցաբերել։

Վերջում Գաբրիելյանը հավաստիացրեց, որ հանրապետության բոլոր բուժհիմնարկներն ապահոված են օձերի խայթոցի դեմ համապատասխան շիճուկով։