ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել է սկսել Պարսից ծոցից որոշ ռազմական ուժերի եւ միջոցների դուրսբերումը՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գլոբալ ռազմական ներկայությունը վերակողմնորոշելու փորձի առաջին փուլերում։
Ինչպես հայտնում է WSJ-ը, ԱՄՆ-ը Պարսից ծոցի տարածաշրջանից հեռացրել է առնվազն երեք Patriot հակահրթիռային համակարգ, այդ թվում՝ մեկը Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայից:
ԱՄՆ պաշտոնատար անձանց խոսքով՝ որոշ միջոցներ, այդ թվում՝ ավիակիր եւ դիտարկման համակարգեր, Մերձավեր Արեւելքից կուղարկվեն աշխարհի այլ մասերում ռազմական կարիքները բավարարելու համար: Նրանք նշել են, որ կրճատման այլ տարբերակներ էլ են դիտարկվում:
Patriot-ների դուրսբերումը, ավիակիրների եւ ռազմական այլ կարողությունների վերատեղակայումը նշանակում է, որ մի քանի հազար ամերիկյան զինծառայողներ ժամանակի ընթացքում կարող են հեռանալ տարածաշրջանից: Անցյալ տարեվերջին տարածաշրջանում կար մոտ 50 000 զինծառայող՝ համեմատած 90 000-ի հետ, որ կար երկու տարի առաջ՝ Թրամփի վարչակազմի եւ Իրանի միջեւ լարվածության ֆոնին:





























