Ազգությամբ քուրդ Դիարբեքիրից անկախ պատգամավոր Էմինե Այնան դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման` օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզչության համար:

Դիարբեքիրի 5-րդ բարձրագույն քրեական դատարանը պատգամավորին դատապարտել է այն ելույթի համար, որով վերջինս հանդես էր եկել Սիիրտում 2007 թ-ին` Նովրուզի ժամանակ: Դատարանի կարծիքով` ելույթն ուղղված էր ՔԱԿ-ի քարոզչությանը: Այնան դատարանի առջեւ էր կանգնել եւս  31 կասկածյալների հետ, որոնք նույնպես մասնակցել էին արարողությանը:

Դատարանը 6 կասկածյալի արդարացրել է` ապացույցների բացակայության պատճառով, մնացած 24-ին դատապարտել է 10 ամսվա ազատազրկման` ահաբեկչության դեմ պայքարի օրենքի 7 -րդ հադվածի պահանջով:

Այնան վերջին խորհրդարանական ընտրություններին ընտրվել է որպես անկախ պատգամավոր: Նա ու եւս 35 անկախ պատգամավորներ  հանդես են գալու քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության հովանու ներքո: