Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը պաշտոնապես հայտարարել է, թե ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները խաղաղ բանակցությունների մեջ են թալիբների հետ:

«Այս տարվա ընթացքում անցկացվել են թալիբների եւ աֆղանացիների խաղաղ բանակցություններ: Արտասահմանյան երկրներից զինվորականները, այդ թվում` ԱՄՆ-ից, նույնպես առաջ են շարժվել այդ բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է նա, գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ անանուն դիվանագիտական աղբյուրների վկայակոչմամբ արդեն հաղորդվել էր, որ թալիբներն ու ԱՄՆ-ն արդեն երկու ամիս բանակցություններ են վարում, սակայն Քարզայը պաշտոնապես հաստատել է դրանց անցկացման փաստը:

ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել Քարզայի հայտարարությունը: Պետքարտուղարությունը միայն ընդունել է, որ խաղաղ կարգավորման բանակցություններ անցկացվում են մասնակից կողմերի «լայն շրջանակի» հետ: