Թունիսի իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի այն ջանքերի համար, որ նա ներդրել է Լիբիայի հակամարտող ուժերին հաշտեցնելու գործում:
Թունիսի նման գնահատականի մասին լրագրողներին հայտնել է Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը: Դիվանագետի խոսքով`իր հետ անձնական զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Թունիսի արտգործնախարար Մուլդի Կեֆին:
Ըստ Մարգելովի` Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ «Մեդվեդեւն ավելի շատ է արժանի Խաղաղության Նոբելյան մրցանակին, քան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով այն ստացել էր որպես ավանս»:
Մարգելովը ՌԴ նախագահի կողմից ուղարկվել էր որպես միջնորդ` Տրիպոլիի եւ Բենգազիի միջեւ բանակցություններում: Նա մի շարք բանակցություններ է վարել ինչպես իշխանությունների, այնպես էլ ապստամբների ներկայացուցիչների հետ:
Ընդհանուր առմամբ, ըստ Մարգելովի, լիբիական հակամարտության կարգավորման գործընթացում ճեղքում է նկատվում, հակամարտության մասնակիցներն այլեւս չեն մերժում բանակցությունների անցկացման հնարավորությունը:




























