Թուրքիայի վանդալիզմի հարցերն է բարձրացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` մարդու իրավունքների պաշտպանության հարցում ազգային խորհրդարանների դերի հարցի քննարկման ժամանակ:
«ԵԽԽՎ անդամները` հանդիսանալով թե Վեհաժողովի, եւ թե իրենց ազգային խորհրդարանի անդամներ, կրկնակի պատասխանատվություն են կրում իրենց հասարակություններում մարդու իրավունքների հարգման, ժողովրդավարական արժեքների տարածման, կամ դրանց բացակայության համար»,- նշել է Զոհրաբյանն ու հավելել. «Եթե մենք ցանկանում ենք մեր նախանշած խնդիրների հարցում արդյունք արձանագրել, ապա պիտի փորձենք համատեղ ուժերով պայքարել այնպիսի երեույթների դեմ, որոնք ուղղակիորեն հակասում մեր կառույցի հիմնարար արժեքներին:
Թուրքիայում դաժանորեն սպանված հայազգի լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի անունը բազմիցս հնչել է այս ամբիոնից, եւ Վեհաժողովը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել հայազգի լրագրողի սպանության դատաքննության կապակցությամբ» Սակայն այսօր ես ուզում եմ խոսել ոչ թե Հրանտի, այլ նրան գնդակահարած Օգյուն Սամասթի անունով Թուրքիայում պաշտոնական ապրանքանիշ` բրենդ գրացնելու խայտառակ փաստի մասին»:
Ըստ Զոհրաբյանի, մարդասպանի հարազատները դիմել են Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ, ստացել համաձայնություն եւ «Սամասթ» ազգանունը գրացնել որպես ապրանքանիշ: «Մարդասպանի ընտանիքը պատրաստվում է «Սամասթ» բրենդը օգտագործել կրթական, դաստիարակչական ծրագրերի, ամսագրերի, գրքերի, թերթերի հրատարակման, ֆիլմերի ցուցադրման ժամանակ: Այսինքն, հայազգի լրագրողին գնդակահարողի անունով այսուհետ Թուրքիայում կրթական եւ դաստիարակչական ծրագրեր են նախատեսվում:Երեւի թե պիտի սովորեցնեն, թե ինչպե՞ս գնդակահարել բոլոր այն հայերին, ովքեր Թուրքիայում համարձակվում են խոսել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին:Կամ, երեւի թե պիտի ներկայացնեն Թուրքիայի Քրեական օրենսգրքի խայտառակ 301 հոդվածի բոլոր հնարավոր հետեւանքները»,- նշել է պատգամավորը:
Վերջինիս կարծիքով, «գոնե ԵԽ անդամ Թուրքիայի խորհրդարանում պիտի որ այս աններելի երեւույթը դատապարտման արժանանար: Սակայն այդ երկրի խորհրդարանը ոչ միայն չդատապարտեց նմանօրինակ վանդալիզմը, այլեւ, ըստ թուրքական տարբեր պարբերականների, դա համարեց բացարձակ նորմալ երեւույթ:



























