Ուրանի 60 տոկոսանոց հարստացումը սկսելու եւ IR6 ցենտրիֆուգի գործարկման մասին Իրանի որոշումը Նաթանզի միջադեպի պատասխանն է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:
«ԱՄՆ-ն պետք է վերադառնա 2015 թվականի համաձայնագրին, եւ երբ ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները եւ մենք ստուգենք դա, կվերադառնանք մեր պարտավորություններին»,- ասել է Ռոհանին կառավարության նիստին:
Անդրադառնալով ուրանի 60 տոկոս հարստացումը սկսելու եւ IR-6 ցենտրիֆուգը գործարկելու որոշմանը՝ նա հավելել է. «Մենք դեռ գործում ենք օրենքի շրջանակներում: Ձեր աշխատանքը միջուկային ահաբեկչություն էր, մեր աշխատանքը օրինական է: Եթե սիոնիստները քայլեր ձեռնարկեն մեր դեմ, մենք կպատասխանենք: Նրանք ստացան առաջին պատասխանը: Եթե IR1-ի համար խնդիր ստեղծեք, մենք կգործարկենք IR6-ը, դուք չեք կարող կանգնեցնել մեզ »:
Նրա խոսքով ՝ ուրանի հարստացումը բացառապես խաղաղ բնույթ է կրում եւ գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ:





























