Ղարաբաղի հարցում ոչ թե ռազմական, այլ որպես քաղաքական հարց, որպես բանակցային հարց, պետք է դնենք ԼՂԻՄ-ի տարածքի դեօպկուպացիայի խնդիրը: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք սա պետք է ձեւակերպենք ոչ թե որպես ռազմական, այլ բանակցային, քաղաքական հարց: Մենք պետք է շարունակենք «անջատում հանուն փրկության» բանաձեւի իրագործումը, որովհետեւ դուք տեսաք, թե նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում: Դա աներեւակայելի մի բան է, եւ մենք պետք է բոլոր ամբիոններից հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող են պատերազմի տառապանքների եւ զոհերի թանգարան բացվել մի երկրում, որը հայատյացության, ատելության ամենամեծ դրսեւորումն է: Սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելությունը, որը մեր բանակցային գործընթացի առանցքը պետք է կազմի»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Արցախի պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ, եւ այս առումով որեւէ մեծ փոփոխություն չի լինի: