Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանակում ծառայության ժամկետի կրճատման գաղափարը պարզապես հասարակական քննարկմանը հանված գաղափար է: Այս մասին ապրիլի 20-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Եղոյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է փոխել զինվորական ծառայության համակարգը:
Այս գաղափարը, ըստ պատգամավորի, կարող է փոփոխվել: Ընդ որում՝ այնքան, որ առաջարկի ընդհանուր բովանդակությունն էապես կփոխվի: «Երբ գաղափար է հնչեցվում, մի ներկայացրեք այն որպես հաստատված ծրագիր: Կարող են տարատեսակ գաղափարներ հնչեցվել: Աշխարհում կան տարբեր տեսակի բանակներ՝ ծառայության տարբեր ժամկետներով, տարբեր ինտենսիվությամբ, ծառայության տարբեր ժամանակահատվածներով»,- ասաց խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ վերջերս Փաշինյանը փոքր գյուղեր է այցելում, որտեղ, ըստ էության, նախընտրական հանդիպումներ է անցկացնում: Դրանց ժամանակ նա սկանդալային առաջարկներով է հանդես գալիս, որոնցից իր իսկ թիմը հետո հրաժարվում է: Մասնավորապես, մայրաքաղաքում բուռն վրդովմունք էր առաջացրել գյուղերից մեկում հայտարարված Երեւանի կենտրոնում պետական համալսարանների շենքերը վաճառելու նրա նախաձեռնությունը:




























