«The HALO Trust» միջազգային մարդասիրական բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի լիազոր ներկայացուցիչը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Բորիս Ավագյանի, որը մարտի 11–ին, լինելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, 24NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ «HALO Trust» կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ականապատված պաշտպանական տարածքները։

«The HALO Trust»–ը դատարանից պահանջում է պարտավորեցնել Բորիս Ավագյանին տարածման նույն եղանակով հերքել զրպարտություն դիտարկվող տեղեկությունները, ինչպես նաեւ հատուցել կազմակերպությանը պատճառված բարոյական վնասը, որպես փոխհատուցում սահմանվել է 2 մլն դրամը։

Բորիս Ավագյանը NEWS.am-ի հետ զրույցում նախ ասաց, որ տեղյակ չէր իր դեմ հայց ներկայացնելուց, ապա այն ծիծաղելի համարեց։

«Զրպարտություն կարելի էր համարել, եթե ես իմ անունից հայտարարություն անեի։ Իսկ ես ասել եմ, որ տեղեկություն եմ ստացել եւ փոխանցել եմ ԱԱԾ–ին, ի՞նչ զրպարտություն։ ԱԱԾ–ն օրենքով սահմանված ժամկետում ստուգում է արել, նյութերը Դատախազություն է ներկայացրել, որտեղ էլ քրեական գործ է հարուցվել։ Որտե՞ղ է զրպարտությունը։ Քննությունը կպարզի՝ իմ ասածն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե իրականությանը չէր համապատասխանում եւ բավարար չլինեին այդ նյութերը, քրեական գործ չէր հարուցվի։ Եթե ԱԱԾ–ի ներկայացրած նյութերը Արցախի դատախազը հիմնավոր է համարել, ապա ի՞նչ եք կարծում, այստեղ զրպարտություն կա՞»,– հակադարձեց Բորիս Ավագյանը։

Նշենք, որ մարտի 30–ին, NEWS.am–ը հայտնել էր, որ Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին քրգործը վարույթ է ընդունվել: Քրեական գործ հարուցվել էր Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը) եւ 316-րդ հոդվածով (լրտեսությունը)՝ մարտի 11-ին լրատվամիջոցներով հրապարակված «The Halo Trust» կազմակերպության կողմից ԱՀ-ում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու եւ դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակ ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ։

«Եթե ես հարմար գտնեմ, որ պետք է ներկայանալ դատարան՝ կներկայանամ, եթե ոչ, ապա փաստաբանը կներկայանա։ Քրեական գործ է հարուցվել, եթե դատարանն անհրաժեշտ համարի, կարող է  հարցում կատարել Քննչական կոմիտե եւ ստանալ նյութերը։ Ես իրավունք չունեմ ներկայացնել այն նյութերը, որոնք հիմա հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննության փուլում են»,– հավելեց Բորիս Ավագյանը։