Ապրիլի 1-ից սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինների գործունեությունը միավորվել է, և բոլոր ուղղություններով վերջիններիս ծառայությունների տրամադրումը և լիազորությունները վերապահել են Միասնական սոցիալական ծառայությանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակներում և սոցիալական աջակցության գործակալություններում ու բաժիններում եղած հաստիքների թիվը պահպանվել է։
- Ինչպես նախապես հայտարարվել էր՝ հաստիքների կրճատում չի իրականացվել․ գործառութային փոփոխությունների արդյունքում առկա հաստիքների թիվը և նախկին կառույցների հաստիքների հանրագումարը նույնն է, ուստի համակարգային գործազրկության մասին խոսակցություններն անտեղի են։
- Տարածքային կենտրոնների ընդհանուր 900-ից ավելի հաստիքից շուրջ 300 հաստիք այս պահին թափուր է, որոնց դիմելու վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար թարմացվում են www.socservice.am կայքի «Աշխատանք մեզ մոտ» բաժնում։
-Ընդ որում՝ այս պահին հայտարարվել է դիմումների ընդունման երկրորդ փուլ, քանի որ առաջին փուլի արդյունքում ոչ բոլոր հաստիքներն են համալրվել։
-Հորդորում ենք բոլորին՝ այդ թվում կառույցների նախկին աշխատակիցներին, սոցիալական պաշտպանության ոլորտում ցույց տալ իրենց փորձն ու գիտելիքը՝ դիմելով հայտարարություններին և չափորոշիչներին համապատասխանելու դեպքում անցնել աշխատանքի։




























