ՆԳՆ-ն Ռուսաստանի տարածքում ապօրինի գտնվող օտարերկրացիներին հետեւողականորեն հորդորում է դիմել գերատեսչության բաժնին՝ ժամանակավոր կացության ժամկետները երկարացնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւը՝ դիմելով օտարերկրյա քաղաքացիներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
««Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակը կարգավորելու ժամանակավոր միջոցառումների մասին՝ կապված նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետագա տարածման սպառնալիքի հետ» նախագահի հրամանագրի համաձայն՝ այն անձանց, ովքեր ՌԴ տարածքում են գտնվում սահմանված միգրացիոն օրենսդրության խախտմամբ, հնարավորություն է ընձեռվում կարգավորել իրավական վիճակը` առանց նման դեպքում նախատեսված պատժամիջոցների կիրառման: Սրա հետ կապված՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում մնալու համար իրավական հիմք չունեցող անձանց խստորեն խորհուրդ է տրվում կապ հաստատել իրենց գտնվելու վայրում Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմինների հետ»,- ասել է Կոլոկոլցեւը:
Նախարարը նաեւ նշել է, որ այդպիսի քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ ժամանակավոր կացության ժամկետը երկարացնելու, բնակության վայրում գրանցելու, եւ համապատասխան թույլտվություններ ձեւակերպելու որոշում կկայացվի: «ՌԴ ներքին գործերի նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, Ռուսաստանում մնալու նրանց անվտանգությունը պաշտպանելու համար՝ աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված պայմաններում: Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության որոշակի ճյուղերում աշխատանքային ռեսուրսների սղությունը, հնարավոր է Ռուսաստանում մնացած օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային գործունեության օրինական ներգրավումը շինարարության, բնակարանային եւ կոմունալ ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտում»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ պետական մարմինները, համագործակցելով օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ, միջոցներ են ձեռնարկում իրենց հայրենակիցների հայրենիք վերադառնալու հնարավորությունը ապահովելուհամար:





























