««Հայկական ժամանակ»-ը օրերս հրապարակեց Մադրիդյան սկզբունքներ կոչված փաստաթուղթը, որը կողմերին է ներկայացվել 2007թ. նոյեմբերին`Մադրիդում: Պարզ է, որ այսօր այդ փաստաթուղթը բազմիցս փոփոխված եւ լրացված է, եւ թե այսօր այն ի՞նչ տեսք ունի, եւ Մադրիդից մինչեւ Կազան հայկական կողմը ի՞նչ զիջումների է գնացել` հստակ կլինի միայն այն բանից հետո, երբ հրապարակվի Կազանում կողմերի հավանությանն արժանացած կամ ընդհակառակը` մերժված տարբերակը»,-գրում է «Ժամանակ»-ը` շարունակելով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտոնավարման շրջանում կողմերի քննարկման առարկա դարձած առաջարկների հրապարակումը, ինչպես երեւում է, օրերս Վարդան Օսկանյանի համար «գլուխ գովելու» առիթ հանդիսացել, եւ նա արդեն իշխանություններին իր պահած`«նշաձողը» իջեցնելու մեջ է մեղադրում, արժե պատմական էքսկուրս կատարել, հասարակությանը հիշեցնել Օսկանյանի «նշաձողը»: Իսկ դա անելը բոլորովին էլ դժվար չէ, քանի որ ԼՂ կարգավորման պատմությանը հայտնի եւ կողմերին ներկայացված 1997թ. փաթեթային, 1997թ. փուլային տարբերակները եւ Օսկանյանի օրոք առաջարկած` 1998թ. «ընդհանուր պետության» տարբերակը ժամանակին ամբողջությամբ հայկական մամուլում հրապարակվել են:
…Այսպես`1997թ. փաթեթային տարբերակը ենթադրում էր կողմերի համաձայնություն ԼՂ-ի եւ Լաչինի կարգավիճակների վերաբերյալ: ԼՂ կարգավիճակի հարցում բանակցությունների հետեւյալ մոտեցումն էր որդեգրվել` մի կողմից ապահովվում էր ԼՂ-ի ձեռք բերած փաստացի անկախությունը, մյուս կողմից՝ թույլ էր տրվում Ադրբեջանին ձեւականորեն վերականգնել Ադրբեջանի իրավազորությունը ԼՂ-ի նկատմամբ:
Այս մոտեցումը դիվանագիտական շրջանակներում հայտնի դարձավ որպես`«de jure՝ Ադրբեջանի կազմում, de facto՝ անկախ պետություն» բանաձեւով, այսինքն` մի կողմից պահպանվում էր միջազգային հանրության կողմից պարտադրվող տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից՝ ամրագրվում էր ԼՂ-ի փաստացի ինքնորոշումը:
1997թ. փաթեթային փաստաթղթով` հակամարտության բոլոր կողմերը ճանաչում էին Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը»,-գրում է թերթը:




























