ԳՈՒՄ-ի շուկայի երկրորդ հարկը երեւանցիներին հայտնի է որպես կոշիկի առեւտրային կենտրոն: Այստեղ վաճառվում են հիմնականում տեղական կոշկագործների կոշիկները: Դատելով այցելուների սակավությունից` տեղական կոշիկները հայաստանցիների շրջանում առանձնապես մեծ պահանջարկ չեն վայելում, իսկ զբոսաշրջիկներն ընդհանրապես այդտեղ չեն հայտնվում, թեեւ այս շուկան հայտնի է դեռ խորհրդային ժամանակներից: 

Խաչիկ Մանուկյանը ԳՈՒՄ-ի շուկայի կոշիկի տաղավարներից մեկի տերն է: Ի տարբերություն մյուս տաղավարների` նա ինքն էլ կարում է ցուցադրվող կոշիկները: Դա նրան առավելություն է տալիս մյուսների համեմատ` կարողանում է ավելի ցածր գին սահմանել, սակարկել հաճախորդների հետ, անհրաժեշտության դեպքում` ընդունում է անհատական պատվերներ: Նա նաեւ Երեւանի դրամատիկական թատրոնի կոշկակարն է` կոշիկներ է կարում հատնի դերասանների համար: Նրա կարած կոշիկներով են բեմում հայտնվում Արթուր Ութմազյանը, Հրաչյա Հարությունյանը, նախկինում` նրա ծառայություններից օգտվել է Վլադիմիր Մսրյանը` Նիկոլո Պագանինիի հայտնի դերակատարը: Չինական ու թուրքական էժանագին կոշիկներին նախապատվություն տվող թատերասերները երեւի չեն էլ կասկածում, որ իրենց պաշտելի դերասանները կոշիկ են պատվիրում տեղացի մի անհայտ արհեստավորի:

Իր աշխատանքային շաբաթը Խաչիկը սկսում է Երեւանի արվարձաններից մեկում (Բանգլադեշում) գտնվող տոնավաճառում անհրաժեշտ հումքը եւ նյութերը գնելով: Համարյա բոլոր կոշկակարների պես նա գնում է թուրքական արտադրության կաշի կամ տակացու, անգամ սոսինձը բերվում է Թուրքիայից; Միակ այլընտրանքը բելառուսական կաշին է, որն ավելի որակյալ է, սակայն ավելի թանկ: Բայց այն օգտագործելիս կոշիկի գինը պետք է բարձրացնեն, իսկ գնորդին անհնար է հասկացնել, որ բելառուսական կաշին ավելի լավն է: Լավ համարում ունեն նաեւ ռուսական պադոշները, հատկապես ձմեռային կոշիկների մեջ: Սակայն Խաչիկն ասում է, որ վաղուց է, ինչ Ռուսաստանից կոշիկի հումք չի ներմուծվում, իսկ եղած պադոշներն էլ նախկին գործարանների պահհեստներից են վերցվում: Շատերն են համարում, որ «հայկական կոշիկ» կատեգորիան այլեւս չկա` տեղացիների կարած կոշիկները կիսով չափ «թուրքական են»: Հաճախ տակացուների վրա գրված է լինում made in Italy կամ made in Germany, բայց Խաչիկը հո լավ գիտի, որ այդ բոլորը արտադրված է Թուրքիայում: Իր հաճախորդներին երբեք չի խաբում, նույնիսկ զգուշացնում է` չխաբնվել ուրիշներին ու չհավատալ, որ գերմանական ու իտալական հումքով տեղական կոշիկ է կարվում:

Հումքը եւ նյութերը գնելուց հետո անհրաժեշտ է պայմանավորվել մոդելյորի, այնուհետ` կաշին նախապատրաստողի հետ: Երեկոյան պարտադիր պետք է այցելել առեւտրի տաղավար` տեսնելու, թե առեւտուրն ինչպես է ընթանում: Այստեղ նրան սպասում է վաճառողը` 60-ամյա Հակոբը, որին յուրաքանչյուր վաճառված կոշիկից 500 կամ 1000 դրամ է մնում: Նրանց մեջ միշտ նույն բանավեճն է` Հակոբը պահանջում է վաճառքում ներառել չինական ու թուրքական կոշիկներ, կարել կոշիկի նոր մոդելներ, որովհետեւ այդ միօրինակ մոդելներից նույնիսկ ինքն է զզվել: Գաղտնիք չէ, որ հայկական կոշկագործությունը  հզոր մրցակիցներ ունի` չինական ու թուրքական կոշիկները: Խաչիկն ընդունում է, որ հայ կոշկակարները չեն դիմանում չինական ու թուրքական էժան կոշիկների հետ մրցակցությանը: Դրանք որակով ակնհայտ զիջում են իր կարածներին, սակայն առավելություն ունեն դիզայնի ու գնի առումով: Այնպես է ստացվել, որ հայ գնորդը առավելություն է տալիս թեկուզ դերմանտինից կարած, բայց ժամանակակից դիզայնով կոշիկներին, որոնք մեկ սեզոնից ավելի չեն դիմանում: Այնինչ տեղացի կոշկակարների կաշվե կոշիկները ամիսներով մնում են դարակներում շարված: Պատճառը շատ ակնառու է`հայ կոշկակարները նախկինի պես նախապատվություն են տալիս տղամարդու սրաքիթ կոշիկներին, այնինչ դրանք վաղուց այլեւս մոդայիկ չեն: Իսկ կանացի քմահաճույքներն ընդհանրապես տանել չեն կարողանում, այդ պատճառով այդ շուկայում մեծամասամբ տղամարդու կոշիկ են առաջարկոմ: ԳՈՒՄ-ի շուկայի վաճառակետերով անցնելիս այնպիսի տպավորություն ես ստանում, կարծես ժամանակներն այստեղ կանգ են առել առնվազն 30 տարի:

Հակոբի փնփնթոցներին վերջ տալու համար Խաչիկը հանում է նորաձեւ կոշիկի հերթական ամսագիրը: Համբերատար բացատրում է, թե որ մոդելներն է ցանկանում կարել: Բայց մոդայիկ կոշիկներ կարելու համար հարկավոր է նոր կաղապարներ ու տակացուներ պատվիրել, ավելի բարձրակարգ մոդելյոր գտնել, որի ծառայությունը բնականաբար ավելի թանկ արժե: Վատ չէր լինի ունենալ այն հաստոցներից, որոնց շնորհիվ վերացվում են կոշկակարության ընթացքում ի հայտ եկած արտաքին տեսքի թերությունները, ինչի շնորհիվ էլ հատկապես ասիական երկրներից ներմուծված կոշիկները երբեմն արտաքին տեսքից անթերրի են թվում: Հարկավոր են նոր տիպի կաշիներ` օձի, կոկորդիլոսի, ջայլամի կաշիներ, որ յուրահատուկ տեսք են տալիս կոշիկին: Իսկ այդ ամենն անելու համար ներդրումային գումար է անհրաժեշտ: «Տվեք ինձ 10 հազ. դոլար, եւ ես կոշկակարության մեջ հեղափոխություն կանեմ»,- սիրում է կրկնել Խաչիկը: Ցավոք`հայաստանյան բանկերում տեղական կոշկագործության վառ ապագային այնքան էլ չեն հավատում: Վարկի համար նրանք միայն գրավ են պահանջում` ոսկի կամ բնակարան, այնինչ արտասահմանում գտնվող հայ կոշկակարներից Խաչիկը լսել է, որ այլ երկրներում բավական է բիզնես-պլանը;

Սակայն տեղական կոշկագործության ապագան այնքան էլ մռայլ չէ: Չափավոր արժեզրկված դրամը ռիսկեր է ստեղծում ներմուծողների համար, ու նրանք ստիպված  են թանկացնել ապրանքը: Չինական ապրանքները կորցնում են իրենց գլխավոր հաղթաթուղթը` էժանությունը, իսկ դա հույսեր է արթնացնում տեղացի կոշկակարների շրջանում: Թեեւ Խաչիկի նման հին սերնդի կոշկակարներն ասում են, որ իրենց գլխավոր հաղթաթուղթը ոչ թե գինն է, այլ որակը, իսկ դա գալիս է տասնամյակների, գուցե` հազարամյակների խորքից; Պատահական չէ, որ մարդկությանը հայտնի ամենահին կոշիկը գտնվել է հենց Հայաստանում; Իռլանդական համալսարանի հնագետները 2010 թ. Հայաստանի Վայոց Ձորի մարզում գտան կաշվե հին տրեխ, որը ենթադրաբար 5500 տարվա պատմություն ունի: Մասնագետների կարծիքով՝ հենց սա է կոշիկի «նախահայրը»:

Խաչիկն ասում է, որ կոշկակարի արհեստը սովորել է 1.5 տարում` 14 տարեկանից: Ոչ մի բուհ չի ավարտել, որ հիմա այնպես մոդա է մեր երիտասարդության շրջանում, բայց ասում է, որ կոշկակարներն էլ իրենց պրոֆեսորներն ունեն: Այդ «պրոֆեսորների» կարած յուրաքանչյուր կոշիկ անկրկնելի է, ինչ-որ առումով` արվեստի գործ: Կոշիկի պրոֆեսորը ամեն ինչ ինքն է անում` սկսած նրանից, որ իր ձեռքով է պատրաստում աշխատանքային գործիքները, ինքն էլ մոդելավորում է ապագա կոշիկը: Եթե սովորական կոշկակարը 1 զույգ կոշիկը ձեռքով կարելու համար 4-5 ժամ է ծախսում, ապա պրոֆեսորը` առնվազն 1 շաբաթ; Ասում են`նրանց կարած կոշիկների կատարելության մասին է վկայում այն փաստը, որ զույգի 2 մասերն էլ հարյուր տոկոսով նույնական են` 1 գրամի կամ 1 միլիմետրի տարբերություն անգամ չունեն, ինչը չի կարելի ասել գործարանային արտադրության ֆիրմային կոշիկների մասին: Կոշիկի պրոֆեսորները ոչ միայն հիանալի ձեւել ու կարել գիտեն` նրանք իրենց պարտքն են համարում բազմակողմանի կրթվել, որպեսզի կարողանան շփվել նրբաճաշակ հաճախորդի հետ:

Երբ դեռ նոր էր սովորում կոշկակարի արհեստը` համոզված էր, որ ինքն էլ այդ պրոֆեսորներից մեկն է դառնալու: Սակայն 28 տարվա կոշկակարությունից հետո դեռ չի համարձակվում իրեն պրոֆեսոր համարել, թեեւ ցանկացած հաճախորդի վստահեցնում է`ցույց տվեք ցանկացած ամսագրի ցանկացած մոդել, ու ես ձեզ կհանձնեմ դրա լավագույն բնօրինակը:

Այնուամենայնիվ` նրբաճաշակ կոշիկների նկատմամբ պահանջարկն այնքան էլ մեծ չէ` կոշիկի մեջ արվեստ հիմա փնտրում են շատ քիչ թվով մարդիկ: Դա հիմնականում հին սերնդի մտավորականության այն մասն է, որ մեր ժամանակներում կարողացել է ֆինանսական բարեկեցության հասնել: Այդ պատճառով այդ յուրօրինակ պրոֆեսորները երբեմն ստիպված են հանապազօրյա հաց վաստակել մյուսների նման` սերիական կոշիկների արտադրությամբ:

Խաչիկն ասում է, որ ժամանակակից հայկական կոշկագործությունը սկիզբ է առնում 1940-ական թվականների վերջից, երբ Արեւելյան Եվրոպայից ու Մերձավոր Արեւելքից բազմաթիվ հայեր հայրենադարձվեցին:  Հատկապես Ռումինիայից եկած հայերի մեջ շատ էին բարձրակարգ կոշկակարները, ու նրանք էլ նոր շունչ հաղորդեցին Հայաստանի կոշկագործությանը: Մեծ էր նրանց ներդրումը տեղական կոշկագործության գիգանտների` «Նաիրի» ու «Մասիս» գործարանների կառուցման հարցում: Այդ գործարանների արտադրանքը ժամանակին հայտնի էր ԽՍՀՄ յորաքանչյուր անկյունում:

Ներկայում այդ գործարաններից ոչ մեկը չի աշխատում, իսկ հայ կոշկակարները ցրված են աշխարհով մեկ: Խաչիկը եւս «Նաիրիի» նախկին կոշկակարներից է, հիմա անհատ ձեռներեց է; Իր աշխատանքային կարիերան փորձել է տարբեր վայրերում` Թուրքմենստան, Ռուսաստան; Ամենուրեք նրա կարած կոշիկները մեծ պահանջարկ են վայելել, սակայն ստիպված էր վերադառնալ հայրենիք` ծնողները նրա խնամքի կարիքն են զգում:

Համարյա բոլոր հայ կոշկակարները քաղաքագետի թաքնված տաղանդ ունեն: Ժամեր շարունակ սպասելով իրենց հաճախորդին` նրանք հասցնում են քննարկել միջազգային ու տեղական քաղաքականության բոլոր արդիական խնդիրները: Խաչիկը ծիծաղելով պատմում է, որ քիչ էր մնում մի ագամ պատգամավոր դառնար: Իր հարենի Թալին քաղաքում նստած է եղել պապենական տան աստիճաններին, երբ մի շքեղ մեքենայից իջած անձինք առանց ձեւականությունների նրան գործարք են առաջարկել` որոշակի գումարի դիմաց առաջաադրվել պատգամավորության թեկնածու: «Խաչիկ Մանուկյան» ազգանունով մեկ այլ թեկնածու է եղել, ու մրցակից կողմը որոշել է 2 նույն անուն-ազգանունների միջոցով շփոթություն ստեղծել ընտրողների շրջանում; Թալինցիները դա անմիջապես գլխի են ընկել, ու ասում են`նրանցից շատերը հաճույքով քվեարկել են արհեստավոր-Մանուկյանի օգտին:  «Եթե անցնեի` պատգամավորների կոշիկներն էլ ես կկարեի»,- կատակում է կոշկակար Խաչիկը: Բայց ո՞վ գիտե` գուցե արհեստավորներին իսկապես էլ իրենց մարդն է պետք հայրենի խորհրդարանում:

Սամվել Ավագյան