NEWS.am-ը հարցազրույց է անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ: Հիմնական թեմաներն են Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) եւ Հայաստանի իշխանությունների հետ Միջազգային կոմիտեի համագործակցությունը, Միջազգային հումանիտար իրավունքի (ՄՀԻ) գիտելիքների տարածումը, անհայտ կորած անձանց խնդիրը, գերիների նկատմամբ խոշտանգումների դեմ պայքարը:
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում աշխատում է 1992 թվականից: Մանդատի համաձայն, մենք զբաղվում ենք նաեւ Միջազգային հումանիտար իրավունքի գիտելիքների տարածման եւ իրավունքի այդ ճյուղի տեղայնացմամբ, որի համար կարեւոր է անհայտ կորածների մասին օրենքի նախագծի մշակումը: ԿԽՄԿ-ն այդ հարցում օգնում է իշխանություններին: Զինված ուժերի հետ համագործակցության տարրերից մեկն էլ ՄՀԻ մասին գիտելիքների ընդլայնումն է: Կարեւոր է եւ այն, որ ԿԽՄԿ-ն ձգտում է ՄՀԻ-ի դրույթների կիրառման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել:
ՀԿԽԸ-ի հետ համագործակցության շրջանակում մենք համատեղ աշխատում ենք անհայտ կորածների ընտանիքների հետ, նրանց ցուցաբերում ենք հոգեբականան, սոցիալական աջակցություն: Տեղական գործընկերների հետ իրականացնելիք ծրագրերով այդ ընտանիքներին սահմանամերձ տարածքներում մենք նաեւ կառաջարկենք միկրովարկեր:
ՄՀԻ գիտելիքների տարածման հարցում մենք նաեւ օգնում ենք ՀԿԽԸ համապատասխան ծառայություններին, համագործակցում ենք ընտանեկան կապերի վերականգնման աշխատանքներում: Մինչեւ անցած տարեվերջ անհայտ կորածների մասին տեղեկություններ էինք հավաքում: Սահմանամերձ մարզերում` Տավուշում, Գեղարքունիքում եւ Սյունիքում ՀԿԽԸ-ի հետ համատեղ կազմակերպել ենք առաջին օգնության ցուցաբերման վեց դասընթացներ:
- Անհայտ կորածների ցուցակների վերաբերյալ. ի՞նչքանով են դրանք վերջնական եւ քանի՞ անուն կա արդեն:
- Հայաստանի ցուցակներում նշված է 407 անուն, Լեռնային Ղարաբաղի ցուցակներում` 449 անուն, Ադրբեջանի ցուցակներում` 3710 անուն: Անհրաժեշտ է նշել, որ դրանք վերջնական ցուցակներ չեն: Այդ ցուցակներում այն մարդիկ են, որոնց ընտանիքների անդամները դիմել են ԿԽՄԿ-ին: Ցուցակները վերջնական չեն. մենք հիմա էլ կընդունենք անհայտ կորածների հարազատների դիմումները եւ կընդգրկենք ցուցակում:
- Ի՞նչ փուլում է անհայտ կորածների տվյալների հավաքման նախագիծը:
Նախագծի շրջանակում արդեն հավաքվել են 323 անհայտ կորածների տվյալներ: Այդ թիվն ընդհանուրից ավելի փոքր է, քանի որ ոչ բոլոր ընտանիքներն են համաձայնել լրացնել հարցաթերթիկը: Ենթադրվում է, որ այդ տեղեկատվության օգնությամբ հետագայում կկատարվեն էքսգումացիայի աշխատանքներ` մարդկանց ճակատագրերը հստակեցնելու նպատակով:
Նախագիծն իրականացվում է նաեւ Ադրբեջանում եւ Ղարաբաղում: Դրա օգնությամբ ստեղծվում է անհայտ կորածների տվյալների բազա: ԿԽՄԿ-ի դիրքորոշմամբ` այդ խնդիրը քաղաքական չէ, այլ զուտ հումանիտար է:
- Ադրբեջանական գերությունում երկու տարի մնալուց հետո հայրենիք վերադարձված Արթուր Բադալյանը պատրաստվում է ադրբեջանական բանտում իր դեմ կիրառած բռնության եւ խոշտանգումների մեղադրանքով Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ԿԽՄԿ-ի պատվիրակները նկատե՞լ են որեւէ խախտումներ:
- Մենք գիտեինք 2009թ. մայիսի 9-ին անհետացած Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանի մասին, քանի որ մեզ դիմել էին նրա ընտանիքի անդամները: Ժնեւյան կոնվենցիայում կա գերիների եւ ներկալյալների վերաբերյալ տեղեկատվության մասին համապատասխան դրույթ: Բացի այդ ԿԽՄԿ-ի եւ իշխանությունների երկխոսությունն այդ մասին գաղտնի է: ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Բադալյանին գերությունում: Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ ԿԽՄԿ-ն չեզոք կազմակերպություն է եւ կողմերի սուր հակադրության պայմաններում այդ չեզոքությունn առաջնահերթ նշանակություն է ստանում: Գերիների պահման պայմանները քննարկվում են համապատասխան իշխանությունների հետ, եւ հենց ԿԽՄԿ-ի չեզոքությունն է թույլ տալիս իրականացնել նրանց հայրենադարձությունը:
- Քանի՞ անգամ են ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այս տարի Հայաստանում եւ Ադրբեջանում այցելել գերիներին:
- Տարեսկզբից կայացել է հինգ այցելություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, չորս անգամ այցելել ենք Ադրբեջանում գերի մի հայկական ընտանիքի, որը բաղկացած է հինգ քաղաքացիական անձանցից: Չորս անգամ այցելել ենք Հայաստանում պահվող ադրբեջանցի մի ռազմագերիի:
Ինչպե՞ս եք գնահատում պատվիրակության համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ:
Հայաստանում ԿԽՄԿ-ի աշխատանքների ամենասկզբից համագործակցությունը միանշանակ լավ մակարդակի վրա է: Ես բարձր եմ գնահատում անհայտ կորածների մասին օրենքի նախագծի մշակման հարցում իշխանությունների, մասնավորապես, ԱԳՆ-ի գործադրած ջանքերը: Նաեւ չափազանց գնահատում եմ արդյունավետ երկխոսությունը Պաշտպանության նախարարության հետ: Համագործակցությունը մեծացնում է վստահությունը:
Զրուցեց Մարիամ Լեւինան:




























