Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կարծում է, որ Պետրոզավոդսկում 44 մարդու կյանք խլած վթարի պատճառը օդաչուի սխալն է:

«Չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել, քննություն եւ այլն, բայց արտաքին նշաններից էլ ակնհայտ է, որ վատ եղանակի պայմաններում օդաչուի սխալ է եղել: Նա ոչ թե թռիչքուղու վրա է քշել, այլ ավելի աջ»,- ասել է Իվանովը եւ հավելել, թե օդաչուն թռիչքուղի է փնտրել, եւ հետեւանքը եղել է բախումը գետնին:

Իվանովը Կարելիայի վթարը համեմատել է Սմոլենսկի վթարի հետ, երբ կործանվել էր Լեհաստանի նախագահի օդանավը: Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ՏՈՒ-134 օդանավի վթարի զոհերից մեկը հայ է` Ուկրաինայի քաղաքացի Վահրամ Սարգսի Սիմոնյանը:

«Ռուսէյր» ավիաընկերության ՏՈՒ-134 օդանավը, որ թռել էր Մոսկվայից, հունիսի 21-ի գիշերը կոշտ վայրէջք է կատարել Պետրոզավոդսկի օդանավակայանում. զոհվել է 44 մարդ, կենդանի են մնացել 8-ը:

Անձնակազմից կենդանի է մնացել ուղեկցորդուհիներից միայն մեկը: Վթարի պահին օդանավում 52 մարդ է եղել:

ՏՈՒ-134 ուղեւորատար օդանավն ընկել է Պետրոզավոդսկ-Սուոյարվի ավտոճանապարհին, բաժանվել մասերի եւ այրվել: