Պամպլոնայի իշխանությունները երկրորդ տարին անընդմեջ չեղյալ են հայտարարում Սան Ֆերմինի ցլերի հայտնի փառատոնը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է AP-ը:
Պամպլոնայի քաղաքապետ Էնրիկե Մայան, որպես փառատոնը չեղյալ հայտարարելու պատճառներ, նշել է հիվանդանոցների մեծ ծանրաբեռնվածությունը եւ պատվաստանյութերի դանդաղ ներմուծումը:
«Փառատոնը չի կարող կազմակերպվել մեկ ժամում»,- մամուլի ասուլիսում ասել է Մայան: «Դա շատ դժվար է: Երբեք չէի կարծի, որ այսպիսի բան կարող է պատահել»:
Հուլիսին իննօրյա փառատոնը Իսպանիայի ամենակարեւոր իրադարձություններից մեկն է: Փառատոնը հանրահայտ է դարձել 1926 թվականին՝ Էռնեստ Հեմինգուեյի «Եւ ծագում է արեւը» վեպի շնորհիվ: Մինչեւ անցյալ տարի այն չեղարկվել էր միայն 1930-ականներին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ:





























