Պաշտոնական վիճակագրության համաձայն` ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանման աճը կազմել է 123,6 միլիոն դոլար, իսկ ներմուծման աճը` 158 միլիոն դոլար: Դրա հետեւանքով արտաքին առեւտրի բացասական սալդոն 1 միլիարդ 47 միլիոն դոլարից ավելացել է մինչեւ 1 միլիարդ 82 միլիոն դոլար:  

Հայաստանի արտահանման հետագա աճին խանգարում է դրա կառուցվածը, որտեղ գերակշռում է հումքն ու կոնյակը: Առաջատար են հանքանյութը, պղնձի խտանյութը եւ նախնական մշակման ենթարկված պղինձը:

Պետք է նշել, որ լեռնահանքային արդյունաբերությունը աշխատատար չէ եւ թեթեւ արդյունաբերության համեմատ շատ ավելի քիչ աշխատուժ է պահանջում: Անկասկած, անհրաժեշտ է զարգացնել գիտատար, կապիտալատար եւ այդ կարգի մյուս ճյուղերը, սակայն գործազրկության կրճատման տեսանկյունից թեթեւ արդյունաբերությունը բացառիկ նշանակություն ունի: 1988 թվականին Հայաստանում թեթեւ արդյունաբերությունում զբաղվածությամբ ապահովված էր 118 հազար մարդ: Թեթեւ արդյունաբերության արտադրանքի 80 տոկոսն արտահանվում էր: Հետեւաբար, կարելի է պնդել, որ այդ ճյուղի արտադրանքի արտահանումը աշխատանքով էր ապահովում մոտ 95 հազար մարդու:

Իսկ լեռնահանքային արդյունաբերության առաջատար Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, որը երկրի խոշորագույն գործատուն է այժմ ունի 3,1 հազար աշխատող: Լեռնահանքային մյուս խոշորագույնների աշխատողների թիվը շատ ավելի պակաս է: Այնպես որ այս ճյուղը չի կարող լուծել գործազրկության հաղթահարման խնդիր:

Այժմ, երբ ռուսական շուկան լցված է չինական եւ թուրքական արտադրության էժան ապրանքով, Հայաստանի թեթեւ արդյունաբերության նախկին հիմնական շուկայի վրա հույս դնել հնարավոր չէ, եւ ճյուղի վերականգնման հնավարությունները չնչին են: Այսպիսով, արտահանման մեծացման մեջ թեթեւ արդյունաբերությունը ներդրում քիչ կարող է ունենալ: Այդ իմաստով որոշակի ներուժ ունի գյուղատնտեսությունը եւ դրա հետ կապված վերամշակող արդյունաբերությունը: