«Երբ օլիգարխ պատգամավորները հազարից մեկ որոշում են գալ Ազգային ժողովի նիստի, եւ երբ նրանք խորհրդարանի միջանցքներում սկսում են խոսել, դա, իհարկե, լրագրողներիս համար մեծ տոն է»,-իր խմբագրականում գրում է «Առավոտ»-ը` շարունակելով. «Միջին, 10-րդ դասարանի կրթական ցենզ ունեցող ընթերցողների համար օլիգարխների պատասխանները զավեշտալի են եւ անհեթեթ, եւ արդյունքում ստացվում է երգիծական ժանրի բավականին հետաքրքիր նյութ: Եթե այդ պատգամավորները իմանային, կհասկանային, որ իրենք ծիծաղելի են, նրանք, իհարկե, ծպտուն չէին հանի:

Բայց նրանք իրենց կյանքի գերակշիռ մասն անց են կացնում ոչ թե խոհրդարանում կամ լրագրողների հետ շփվելիս, այլ բոլորովին ուրիշ վայրերում: Եւ այդ վայրերում տվյալ անձնավորությունները բացարձակապես որեւէ դիսկոմֆորտ չեն զգում. ընկերական շրջապատում նրանց հարգում են եւ սեղանի շուրջ հոտնկայս իրենց կենացն են խմում, մարմնավաճառները նրանց սիրում են, խաղատների կրուպյեները նրանց հետ կոռեկտ են եւ հարգալից: Էլ չեմ ասում, որ տարածաշրջանի ժողովուրդը, որին նրանք «նայում են» եւ «բարեգործություններ են անում», խոնարհվում է այդ մարդկանց առաջ եւ նրանց «թագավոր» է ասում: Որտեղի՞ց, ինչի՞ հիման վրա պետք է առաջանա այդ պատգամավորների ադեկվատ վերաբերմունքը սեփական անձի, ինտելեկտի, կրթական մակարդակի վերաբերյալ»: