Հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ դարձյալ իր մասին փորձեց հիշեցնել երկար տարիներ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը:
Հայտնի է, որ նա սկսեց քննադատել Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը 2008 թվականին նախարարական պաշտոնը կորցնելուց անմիջապես հետո: Ընդ որում, հետաքրքիր է այն, որ հայ-թուրքական գործընթացից բացի նոր նախագահի արտաքին քաղաքականությունը գործնականում չի տարբերվում նախորդի քաղաքականությունից: Գլխավոր բանաձեւը` ռազմավարական միություն Ռուսաստանի հետ եւ նորմալ հարաբերությունների զարգացում Արեւմուտքի հետ, պահպանվել է:
Սակայն քաղաքական կյանքի հետին պլանում մնացած, որեւէ քաղաքական կուսակցության չանդամակցած Օսկանյանն այնպես է քննադատում երկրի ղեկավարությանը, կարծես, նաեւ անձամբ իր ջանքերով չեն բազմաթիվ հիմնախնդիրներ կուտակվել:
Հայաստանում, առհասարակ, գոյություն ունի քաղաքական գործիչների, այդ թվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ, որը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել հասարակության կողմից մերժված լինելու հետ: Նախկին արտգործնախարարին համարձակորեն կարելի է դասել նրանց շարքին: ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվելու առաջին իսկ օրվանից հասարակությունը նրան չընկալեց որպես յուրայինի, իսկ վերջին հարվածը սեփական համբավին հասցրեց 2008 թվականի ներքաղաքական ճգնաժամի օրերին: Երեւանի կենտրոնում ծայրահեղ լարված իրավիճակ է, իշխանություն – ընդդիմություն դիմակայությունը զարգանում է ակնհայտորեն դրամատիկ սցենարով, իսկ այդ պահին արտգործնախարարն ուղղակիորեն խառնվում է ներքաղաքական գործերին` ընդդիմության առաջնորդի ճակատագրի մասին ելույթ ունենալով հեռուստատեսությամբ: Վարդան Օսկանյանի ուղղակի տենդենցիոզ ներքաշվածությունը մարտի 1-ի ողբերգական իրադարձություններում, վերջնականապես սասանեց նրա նկատմամբ մնացած քիչ թե շատ վստահությունը:
Նա հեռացավ նախարարի պաշտոնից, սակայն ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ քաղաքականությունից: Ընդ որում քաղաքականությունում մնալու նրա փորձերը, գոնե փորձագետի մակարդակով, բացահայտ անարդյունավետ են:
Փորձը ցույց է տալիս, որ այսօրվա հայ հասարակությունը բացարձակապես հակված չէ լսել Օսկանյանի նման մարդկանց դիրքորոշումը: Սա այն դեպքն է, երբ լռելյայն համընկնում են Հայաստանի ներկա ղեկավարության կողմնակիցների եւ նույնիսկ ամենակոշտ հակառակորդների գնահատականները:
Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները թեեւ հիմնականում ձգտում են չսրել բանավեճը երեք տարի առաջ իշխանությունից հեռացածների հետ, բայց մեդիատարածությունում «նախկինների» պարբերաբար հայտնվելու առիթով ակհայտ դժգոհությունը, գոնե մասնավոր զրույցներում, արտահայտում են:
Ինչ վերաբերում է ընդդիմությանն, ապա այսօրվա իշխանությունների հակառակորդների համար Վարդան Օսկանյանը վաղուց անցանկալի անձ է: ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս քննադատել է Օսկանյանին ղարաբաղյան կարգավորման գործընթացից Ստեփանակերտի իշխանություններին դուրս մղելու քաղաքականությանն աջակցելու համար, իսկ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո ԱԳՆ նախկին ղեկավարի մասին ընդդիմադիրներն ուղղակի չեն ուզում լսել:
Արդյունքում, ստացվում է, որ հիմնական քաղաքական ուժերը եւ դրանց ընտրազանգվածը Վարդան Օսկանյանին ընկալում են որպես «անկոչ» հյուրի, որն իր գնահատականներով եւ խորհուրդներով «խցկվում» է ամենաանհարմար պահին, երբ պաշտոնական Երեւանին սպասվում է իսկապես ծանր բանակցություններ Ղարաբաղի վերաբերյալ: Իսկ ամենացավալին այն է, որ ԱԳՆ նախկին ղեկավարի այդ խորհուրդներից եւ գնահատականներից եւ հայտարարությունից, թե Կազանի հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանը «ինչ-որ մի բան ժողովրդին պետք է ասի» ոչ մի օգուտ չկա:
Համեմատությունն անխուսափելի է: Ղարաբաղի հարցում ներկա նախագահը բավական բաց է հայ հասարակության առջեւ: Սերժ Սարգսյանն ուղղակիորեն նշել է առավելագույն զիջումների, այդ թվում տարածքային զիջումների շրջանակը եւ պայմանները, որոնց դեպքում Երեւանը կարող է գնալ այդ զիջումներին: Արդյունքում, բավական բարդ է պնդել, որ այսօրվա ղեկավարությունը բանակցություններ է վարում հասարակության մեջքի հետեւում: Մինչդեռ այն ժամանակ, երբ բանակցություններն ընթանում էին Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ, իրավիճակը սկզբունքորեն այլ էր. բաց եւ հստակ չէր ասվում, թե ինչ զիջումների կարող է գնալ Երեւանը, սակայն մամուլում հայտնվում էին մինչեւ վերջ չհերքված հաղորդագրություններ նույնիսկ տարածքների հնարավոր փոխանակման մասին:
Վերջում ակամայից ստիպված ես լինում հարց տալ ԱԳՆ նախկին ղեկավարին. գուցե այդ դո՞ւք, պարոն Օսկանյան պետք է «ինչ-որ մի բան ասեք ժողովրդին» ձեր վարած բանակցությունների մասին…
Իվան Ղարիբյան




























