Վրաստանի արեւմուտքն արեւելքին միացնող Ռիկոտի լեռնանցքով անցնող ավտոճանապարհը վերականգնվել է: «Նշված ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներին, որը շուրջ 25 տեղ սողանքների ու փլուզումների պատճառով վնասվել էր, մասնակցել են 8 վրացական շինարարական եւ այլ կազմակերպություններ, ավելի քան 500 աշխատակիցներով»,- լրագրողներին հայտնել է Վրաստանի տարածաշրջնային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Սողանքների եւ ջրհեղների հետեւանքով, Վրաստանի կենտրոնական մասում գտնվող Ռիկոտի լեռնանցքում հունիսի 19-ին մահացել էր 6 մարդ, ովքեր բոլորը ճանապարհին գտնվող ռեստորանի աշխատակիցներ էին: Ռեստորանն ամբողջովին փլվել էր:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրահանգել էր նվազագույն ժամանակահատվածում վերացնել փլուզման հետեւանքները, քանի որ այդ ճանապարհն անհրաժեշտ է տուրիստական սեզոնն նախաշեմին Հայաստանից ու Ադրբեջանից ժամանող զբոսաշրջիկների, նաեւ բեռնափոխադրողների համար: