Կահիրեի դատարանը TikTok-ի տեղական աստղին երեք տարվա ազատազրկման է դատապարտել՝ «հանրության արժեքները եւ սկզբունքները խախտելու» համար, հայտնում է MEM-ը:

Մինաթուլլահ Էմադը, որը հայտնի է որպես Ռենադ Էմադ, ձերբակալվել էր անցած տարվա հուլիսին: Հարցաքննության ժամանակ Ռենադն իբր խոստովանել է, որ փողի համար երիտասարդ տղամարդկանց հետ մարմնավաճառությամբ է զբաղվել: Նա նաեւ մեղադրվում է մարդկանց վաճառքին մասնակցելու եւ կրտսեր քրոջ «շահագործման» մեջ:

Վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերի մի քանի ազդեցիկ կանայք ձերբակալվել եւ մեղադրվել են անբարոյականության, այլասերվածության եւ ընտանեկան արժեքների խախտման համար, երբ նրանք տեսանյութեր են տեղադրել, թե ինչպես են երգում եւ պարում կամ հագուստ ներկայացնում:

Օրինակ՝ Մանար Սամին մեղադրվել է «բնազդներ գրգռելու» մեջ այն բանից հետո, երբ տեղադրել է տեսանյութ, որում նա ամբողջությամբ հագնված պարում է լողափին:

Իրավապաշտպանները առաջադրված մեղադրանքները նվաստացուցիչ ու կեղծված են անվանել:

Անցյալ օգոստոսին ավելի քան 80 000 մարդ միջնորդագիր էր ստորագրել՝ Եգիպտոսի կառավարության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի ազատ արձակեն, այսպես կոչված, TikTok-ի կանանց:

Մայիսին 15 իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն էին ստորագրել, որով դատապարտել էին TikTok-ի եւ Likee-ի բովանդակության ստեղծողների, այդ թվում՝ Ռենադի, հետապնդումը եւ դատավարությունը:

Կազմակերպությունները Եգիպտոսի իշխանություններից պահանջել են դադարեցնել այս դատավարությունները, ազատ արձակել մեղադրյալներին եւ փակել գործերը: