Սրանով ցանկանում են վախեցնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությանը։

«Նպատակը Նիկոլի դիկտատուրա հաստատելն է երկրում, մեկ անձի բռնապետություն հաստատելն է, որը մենք թույլ չենք տալու»,–ասաց նա և նշեց, որ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են։

«Այս իշխանության վերարտադրությունը վտանգ է մեր պետականության համար»,–ասաց նա և ակնհայտ համարեց, որ ճնշումներ են գործադրվում դատարանի նկատմամբ։

«Անընդհատ ժողովրդավարությունից խոսող անձը ժողովրդավարության կամ ժողովրդի հետ կապ չունի։ Ինքը  փորձելու է դիկտատուրա հաստատել, մեր առաքելություն է՝ թույլ չտալ և կանխել։ Սա, իհարկե, սկիզբն է, նա կփորձի լրատվամիջոցներին, ընդդիմադիրներին, այն համայքնապետերին, գործարարներին, որոնք իր հետ չեն լռեցնել։ Ինքը փորձելու է բոլորին լռեցնել, իր ձեռքը ճար լինի այս 270 հազար մարդկանց, որ մեզ քվե են տվել, բոլորին կկալանավորի։ Սա է այս մարդը»,–ասաց նա և նշեց, որ դա թույլ չեն տալու։

Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր ձայնագրություն Արմեն Չարյանի կողմից իրեն իր ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ: Այդ առիթով ՀՔԾ-ում հունիսի 18-ին հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Արմեն Չարչյանն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է:

Ավելի ուշ դատարանը բավարարել էր Չարչյանի պաշտպանների բողոքը եւ նա ազատ էր արձակվել: