Մայրաքաղաքում ընթացիկ տարվա մայիսին կատարվել է բնակարանների առքուվաճառքի 777 գործարք։ Նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ տեղի է ունեցել անկում՝ ուղիղ 100 գործարքով (կամ 11,4 տոկոսով)։

Իհարկե, անցած տարվա նույն ամսվա համեմատ Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվն ավելացել է 2,3 անգամ (!)։ Բայց ինչ-որ առաջընթացի մասին մտածել չարժե։ Ամեն ինչի մեղավորը COVID-19-ն է։ Բոլորն են տեղյակ, որ Հայաստանում անցած տարվա մարտից մտցված սահմանափակումները լրջորեն անդրադարձել են անշարժ գույքի շուկայի վրա։

Անցած տարվա հունվար-մարտին Երեւանում իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 2418 գործարք (այսինքն՝ ամիսը միջինը 806 գործարք)։ Իսկ ահա ապրիլ-մայիսին այդ ցուցանիշը հասել է 531 գործարքի (միջինը մեկ ամսում՝ կլորացված 266 գործարք)։ Հաշվարկների համար ահա այս ցածր բազան էլ «ապահովել» է վերը նշված ռեկորդային աճը ընթացիկ տարվա մայիսին։

Անցած տարվա մոտավորապես կեսից  գնորդական պահանջարկի դանդաղումը հանգեցրել է անշարժ գույքի շուկայական գների որոշակի նվազման։ Բայց անցած տարվա դեկտեմբերից անկումը կարծես փոխարինվեց աճով։ Ընթացիկ տարվա մայիսը բացառություն չէր։ Երեւանում բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական գները հաշվետու ամսում աճել են (տե՛ս ստորեւ ներկայացված աղյուսակը)։ Այս աճը զուտ խորհրդանշական էր եւ չի հասել անգամ 1,2 տոկոս նիշին։

Բայց եւ այնպես, ինչ-որ աճ եղել է։ Սակայն կարելի՞ է արդյոք միանշանակ պնդել, որ բնակարանները թանկացել են։ Չէ՞ որ չի բացառվում գնորդական պահանջարկի «թեթեւ» շարժը դեպի թանկարժեք անշարժ գույք։

Անցած տարի Հայաստանում նկատվել է դոլարի որոշակի ամրապնդում դրամի նկատմամբ։ Եթե օրացուցային տարվա սկզբում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում էր 480 դրամից պակաս, ապա դեկտեմբերի վերջին՝ մոտ 523 դրամ։ Այս գործընթացը շարունակվեց նաեւ ընթացիկ տարվա առաջին ամիսներին։ Հասկանալի է, որ դա խթանում էր մեր նորահարուստներին դրամային կապիտալները «կոնվերտացնել» դոլարայինի։

Սակայն ապրիլի երկրորդ տասնօրյակից արժույթի շուկայում նկատվեց հակառակ միտումը։ Արդյունքում՝ ԱՄՆ դոլարով խոշոր գումարներ ունեցողները հայտնվեցին իրենց կապիտալը պահելու խնդրի առջեւ։ Ինչպես հայտնի է, այս հարցի արդյունավետ լուծումներից մեկը հենց անշարժ գույքի ձեռքբերումն է։ Եվ որքան շատ է կապիտալը, այնքան թանկ է ձեռք բերվող անշարժ գույքը։

Անշարժ գույքի շուկայում մեկ այլ գործոն ավանդաբար կապված է միգրացիայի հետ։ Հայաստանում անցած տարի եւ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել մոտ 40,7 հազար մարդ։ Պայմանականորեն դա կազմում է  մոտ 9,7 հազ. ընտանիք, որոնք, որպես կանոն, անշարժ գույքի սեփականատեր են իրենց պատմական հայրենիքում։

Իհարկե, Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելը բնավ չի նշանակում ակնթարթորեն տեղափոխվել այդ երկիր եւ օպերատիվ կերպով վաճառել անշարժ գույքը Հայաստանում։ Շատերը, համենայնդեպս, ինչ-որ ժամանակ պահում են բնակարանը հայրենիքում։ Սակայն ուշադրության առնենք, որ նախորդ տարիներին նույնպես տասնյակ հազարավոր մարդիկ արդեն դարձել էին Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանց մի մասը հասցրել է ամուր հիմնավորվել Ռուսաստանում, եւ հիմա հանգիստ կարող է հրաժարվել Հայաստանում ունեցած անշարժ գույքից։

Բնականաբար, մեր քաղաքացիների արտագաղթի աշխարհագրությունը Ռուսաստանով չի սահմանափակվում։ Պարզապես հիմա այն ամենամեծն է այս առումով։ Արտագաղթը, ինչպես եւ 90-ականներին, մնում է կարեւոր գործոններից մեկը Հայաստանի անշարժ գույքի շուկայում։

Միգրացիոն գործընթացները սրանով չեն սահմանափակվում։ Արցախում պատերազմից հետո հազարավոր փախստականներ եկան Հայաստան՝ այստեղ ապաստան գտնելու հույսով։ Մեր պետությունը պարզապես պարտավոր է աջակցություն ցուցաբերել այդ անձանց, որոնք ոչ բնակարան ունեն, ոչ այն գնելու միջոցներ։ Բայց, ամենայն հավանականությամբ, օգնություն այս հարցում իրականում կարելի է սպասել նաեւ սփյուռքի քաղաքացիներից։

Հնարավոր է նաեւ ներհանրապետական միգրացիա. սահմանամերձ շրջանների որոշ բնակիչներ, զգուշանալով ադրբեջանական կողմի հրաձգությունից ու սադրանքներից, կնախընտրեն ավելի անվտանգ շրջաններ բնակություն հաստատելու համար։

Սմբատ Գրիգորյան