2018 թվականի համեմատ Սևանի «ծաղկման» ինտենսիվությունն ավելի թույլ կլինի, սակայն, ընդհանուր առմամբ, կլինի այնպես, ինչպես 2020 թվականին էր: Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի բնապահպանության նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ Սևանի «ծաղկումն» արդեն սկսվել է, սակայն ոչ սպասված ինտենսիվությամբ: Նա պարզաբանել է, որ ինտենսիվությունը սովորաբար մեծանում է հուլիսի երկրորդ տասնօրյակից սկսած և ավարտվում է օգոստոսի առաջին տասնօրյակում:
«Ծաղկման վրա ազդում են կենսակլիմայական պայմանները՝ ներառյալ ջերմային ֆոնը և քամին: Գործընթացների դինամիկան երեք տարի է չի փոխվել: Հունիսի 30-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը գտնվում էր 1900 մ 80 սանտիմետր նշագծում, ինչը չորս սանտիմետրով ցածր է, քան 2020 թվականի նույն օրը: 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը լճում ջրի մակարդակի փոփոխությունը կազմել է 28 սանտիմետր: Հունվարի 1-ից հունիսի 8-ը այն բարձրացել է 39 սանտիմետրով: Հունիսի 8-ից հունիսի 30-ը ջրի առավելագույն մակարդակը կազմել է 1900,91 մ: 2020 թվականին առավելագույն մակարդակը 1900,84 մ է եղել», - հավելել է Շահնազարյանը:
Փորձագետն ընդգծել է, որ Սևանի ավազանում հունիսի առաջին և երկրորդ տասնօրյակների ընթացքում ջերմաստիճանը նորմայից բարձր էր 2-5 աստիճանով, իսկ երրորդ տասնօրյակում` 6-7 աստիճանով: «Սահմանային փոփոխությունների հետ կապված՝ գետերի ակունքներից ջրի բացասական փոփոխություններ չեն հայտնաբերվել: Ամեն դեպքում, նախատեսվում է խստացնել վերահսկողությունը», - հավելել է նա:
Ոսկեհատ Գրիգորյանը անտառային գոտիների մաքրման աշխատանքները համարում է լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգման և պահպանման կարևոր միջոց: «2019-2021 թվականների համապատասխան ծրագրի շրջանակներում նախատեսվում էր աշխատանքներ իրականացնել 750 հա տարածքում: Սակայն 2019 թվականին մաքրվեց 98 հա տարածք, իսկ 2020 թվականին նախատեսված 271 հա-ից, փաստաթղթերում անճշտությունների պատճառով, աշխատանքներ տարվեցին միայն 45 հա տարածքի վրա: Կորոնավիրուսի սոցիալական հետևանքները մեղմելու ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրել մի շարք գետերի ափամերձ տարածքները, ինչպես նաև ծառեր տնկել` շուրջ 1000 մարդու ներգրավմամբ, ովքեր կստանան սոցիալական և ֆինանսական աջակցություն», - հայտնել է նա:
Ոսկեհատ Գրիգորյանը հավելել է, որ 2020 թվականին Սեւանից սիգ ձկնատեսակի արդյունաբերական որսը կազմել է 204 տոննա:
«Երկրորդ փուլը կսկսվի 2021 թվականին: Նախատեսված է 250 տոննա սիգ ձկնատեսակի որս: Արդեն կնքվել է ավելի քան 300 պայմանագիր: Ընդհանուր առմամբ, իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել մոնիտորինգի կարողությունները, նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը ափամերձ հողատարածքներն օգտագործելիս, տեղադրել մաքրման կայաններ և բարձրացնել քաղաքացիների շրջանում իրազեկվածությունը», - եզրափակել է նա:





























