Մյանմայում ռազմական հեղաշրջման սկզբից ի վեր սպանվել է 75 երեխա, ավելի քան 1000 երեխաներ ենթարկվել են անօրինական ձերբակալման եւ բռնության: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով հանձնաժողովի հայտարարությանը:
Փաստաթղթի համաձայն՝ հանրապետությունում շարունակական ճգնաժամի ընթացքում «անթիվ երեխաներ են զրկվել անհրաժեշտ բժշկական օգնությունից եւ կրթությունից», պարբերաբար ենթարկվում են կամակայակն ձերբակալությունների եւ բռնության: ՄԱԿ-ը մտահոգվում է, որ, եթե երկրում առաջիկայում խաղաղություն չհաստատվի, Մյանման կարող է զրկել առողջությունից եւ նորմալ ապագայից երեխաների ամբողջ սերնդին:
Հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ երեխաներն ամեն օր հայտնվում են անկանոն հրաձգության ներքո: «Նրանց վրա զենք է ուղղված, նրանք տեսնում են՝ ինչպես է այդ ամենը տեղի ունենում իրենց ծնողների, եղբայրների եւ քույրերի նկատմամբ: Ռազմական հեղաշրջման եւ հակամարտությունների հետեւանքով երեխաների կյանքի, գոյատեւման եւ զարգացման իրավունքը մշտապես խախտվում է»,-ասվում է ՄԱԿ-ի փաստաթղթում:
ՄԱԿ-ը կոչ է արել լուծել Մյանմայում ճգնաժամը եւ պահանջել պետությունից կատարել պարտավորությունները Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակում:
Փետրվարի 1-ին Մյանմայում տեղի է ունեցել պետական հեղաշրջում: Զինվորականները չեն համաձայնվել աշնանային ընտրությունների արդյունքների հետ, որոնց ընթացքում «Ազգային լիգա հանուն դեմոկրատիայի» իշխող կուսակցությունը հաղթանակ է տարել: Զինվորականները հայտարարել են կառավարությունը ցրելու մասին եւ բերման ենթարկել Մյանմայի նախագահ Վին Մյինին եւ կուսակցության առաջնորդ Աուն Սան Սու Չժիին, որը զբաղեցնում է պետական խորհրդականի եւ ԱԳ նախարարի պաշտոնը:
Որոշ ժամանակ անց երկրում սկսվել են բողոքի ցույցեր ի աջակցություն տապալված կառավարության: Ցուցարարներին ցրելու ժամանակ ոստիկանությունը բազմիցս կրակ է բացել մարտական փամփուշտներով:





























