Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, Վիեննայում շուրջ 20 ամերիկացի դիվանագետներ, հետախուզության աշխատակիցներ եւ այլ քաղաքացիական ծառայողներ հայտնել են առողջական խնդիրների մասին, որը «Հավանայի համախտանիշ» է հիշեցնում, հաղորդել է The New Yorker-ը:

Առողջական խնդիրների ստույգ պատճառը, որը ԱՄՆ կառավարական ​​գերատեսչությունները պաշտոնապես անվանում են «առողջության հետ կապված անոմալ միջադեպ», մնում է անհայտ, սակայն Պետդեպարտամենտը եւ այլ գործակալություններ կրկնապատկել են իրենց ջանքերը՝ պարզելու նման վիճակի պատճառը եւ մեղավորներին:

«ԱՄՆ կառավարությունը գործընկերների հետ միասին ակտիվորեն ուսումնասիրում է Վիեննայում ԱՄՆ դեսպանությունում առողջության հետ կապված անհասկանալի միջադեպերի մասին հաղորդագրությունները», - հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակը: 

Այսպես կոչված «Հավանայի համախտանիշը» Կուբայում հայտնաբերվել է 2016 եւ 2017 թվականներին, ինչպես նաեւ 2018 թվականին Չինաստանում՝ ԱՄՆ դիվանագետների շրջանում: Դիվանագետները, ենթադրաբար, ենթարկվել են ձայնային ներգործության, ինչը երկարաժամկետ ազդեցություն է ունեցել առողջության վրա: