Անհայտ անձինք կարճ ժամանակով առեւանգել եւ խոշտանգել են Պակիստանում Աֆղանստանի դեսպանի դստերը, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի կառավարությանը:

Սիլսիլա Ալիխիլին առեւանգել են տուն վերադառնալիս, մի քանի ժամ պահել եւ «դաժանորեն խոշտանգել են», - ասվում է Աֆղանստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ առանց Իսլամաբադում տեղի ունեցած առեւանգման մասին այլ մանրամասների:

«Գերությունից ազատվելուց հետո տիկին Ալիխիլը բժշկական հսկողության տակ է գտնվում հիվանդանոցում», - ասվում է հայտարարության մեջ, որով հորդորում են հետաքննություն իրականացնել եւ պաշտպանել աֆղանստանցի դիվանագետներին:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, ուժեղացվել է դեսպանի ու նրա ընտանիքի անվտանգությունը:

Պակիստանն ու Աֆղանստանը վաղուց սառը հարաբերություններ ունեն: Քաբուլը Պակիստանին մեղադրում է թալիբներին ապաստան տրամադրելու մեջ, իսկ Իսլամաբադը Քաբուլին այն բանի համար, որ զինյալներին թույլ է տալիս օգտվել իր տարածքից՝ Պակիստանում հարձակումներ իրականացնելու համար:

Երկու երկրներն էլ հերքում են առաջադրված մեղադրանքները: