ԲԴԽ-ն, մերժելով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը, հաստատեց, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր առկա չեն, ընդ որում՝ այդ հիմքերի ապացուցման պարտականությունը կրում էր հենց հարուցող սուբյեկտը՝ Արդարադատության նախարարությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«ԲԴԽ-ի որոշումը դրական եմ գնահատում, կարծում եմ՝ կարողացավ իր առաքելությունն իրականացնել։ Ի սկզբանե գործում եղել են մեծ թերություններ, եւ իմ գնահատականն է, որ Արդարադատության նախարարը, հարուցելով  վարույթ, իրականում չարաշահել է այդ գործիքը, եւ նման փաստերի պարագայում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը լուրջ  մարտահրավեր է դատավորների անկախությանը։

Այս գործով Արդարադատության նախարարությունը չէր կարողանում հիմնավորել, թե ինչպես իրավական սկզբունքի  վերաբերյալ կարծիք արտահայտելը կարող է միջամտել դատավորի կողմից գործի քննությանը։ Մեկ կարծիքի առնչությամբ երեք ինքնուրույն իրավախախտում  էին վերագրում, մինչդեռ «չկա օրենք, չկա պատիժ» սկզբունքն էր  մեկնաբանել պարոն Գրիգորյանը, այն էլ՝ ՍԴ որոշման կոնտեքստում։ Ես երբեւէ իմ դատական պրակտիկայում չեմ տեսել դեպք, երբ մեղադրանք առաջադրելիս  «կամ»–ով  ձեւակերպվի մեղադրանքը, այս դեպքում վարույթ հարուցողը անգամ չէր կարողացել  որոշակիացնել դատավորներին վերագրվող արարքի մեղքը եւ հենց այդպես էլ ձեւակերպել էր, որ  «կամ կատարվել է կոպիտ անփութությամբ, կամ  դիտավորությամբ», եւ քննության ընթացքում մեղքի մասին խոսելիս Արդարադատության  նախարության ներկայացուցիչները խոսում էին տոկոսների մասին, թե 99 տոկոսով դիտավորություն է, ընդ որում՝ մի ներկայացուցչի  կարծիքը հակասում էր այլ ներկայացուցչին։ Այսինքն, ակնհայտ էր, որ մոտավոր իրավաբանության հետ գործ ունեին եւ հանդես էին գալիս այնպիսի թեզերով, որոնք իրավագիտության մեջ հերքված էին, օրինակ, մեղքը պետք է հաստատվի ենթադրություններով եւ այլն»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանի խոքով՝ ի սկզբանե պարզ էր, որ այս հարուցման համար բավարար չէին թե՛ իրավական, թե՛փաստական հիմքերը. «Բայց, կարծես թե, սկզբունքային էր, որ նախարարը հանդես գար նման առաջարկով, եւ մինչեւ վերջ պահեին իրենց դիրքորոշումը։  Դրական է, որ ԲԴԽ-ում կան պրոֆեսիոնալներ, որոնք,  այդ խնդիրները հասկանալով, դրանց տվել են իրավական լուծում, եւ այստեղ մենք նաեւ դատավորի խոսքի ազատության, խոսքի  իրավունքի պաշտպանության հետ գործ ունենք»։ 

Փաստաբանի պնդմամբ՝ Արդարադատության նախարարի կողմից վարույթ հարուցելը միջազգային ստանդարտներով արգելված է, եւ դիտարկվում է որպես դատական իշխանության անկախության սպառնալիք։

«Հայաստանի առնչությամբ կա հանձնարարական՝ վերացնել, եւ գործող իշխանությունները հանձնառել էին, որ Դատավորների ընդհանուր ժողովում կարգապահական հարցերով  հանձնաժողով ձեւավորելուն պես  այդ իրավունքը կվերացվի, բայց ոչ միայն չեն վերացրել այդ իրավունքը, այլեւ այն կիրառում են շատ ակտիվ կերպով՝ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերում»։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 16-ին,  ԲԴԽ-ն մերժեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք էր ընդունել ս/թ մարտի 30-ին Armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ:

«Բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի, վերաորակման մասին խոսելն ավելորդ է»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը: