Վերջին երկու տասնամյակների ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ռազմավարությունն ուղղված է եղել տնտեսության «դոլարայնացման» նվազեցմանը, եւ այդ խնդիրը լուծելու համար մշակվել են մի շարք նորմատիվ-օրենսդրական ակտեր: Օրինակ՝ դեռ 2005 թվականին ուժի մեջ է մտել «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքը:
Այս օրենքով ապրանքների եւ ծառայությունների գները պետք է նշվեն դրամով, իսկ ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն միայն դրամով: Առանձին թեմա է, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր իրականության մեջ, օրինակ՝ անշարժ գույքի շուկայում եւ մասնավոր սեփականատերերի կողմից ավտոմեքենաների վաճառքի շուկայուն: Սակայն այս հոդվածում կսահմանափակվենք բանկերի գործունեությամբ՝ վարկերի եւ դրամական ավանդների գծով:
Ինչպես հայտնի է, ազգային արժույթով տարեկան ավանդները զգալիորեն ավելի բարձր են, քան արտարժույթով: Նման մոտեցումը, որն ուղղված է տնտեսության դոլարայնացման մակարդակի նվազեցմանը, անդրադարձել է բնակչության ավանդների արժութային կառուցվածքի վրա: Անցյալ տասը տարիների ընթացքում ֆիզիկական անձանց ավանդների ընդհանուր ծավալի մեջ արտարժույթի տեսակարար կշիռը տպավորիչ 73 տոկոսից նվազել է մինչեւ 50 տոկոսից պակաս:
Նշված ժամանակահատվածում դոլարը Հայաստանում ամրապնդվել է 1.3 անգամ, իսկ եվրոն` 15 տոկոսով: Սա նպաստել է արտարժութային ավանդների ծավալի «արհեստական» ավելացմանը՝ դրամի վերածելիս: Եթե չհաշվենք այդ աճը, ապա արտարժույթով ավանդների մասնաբաժինը 40 տոկոս մակարդակից պակաս կլինի:
Դիտարկենք այսպես կոչված «ժամկետային ավանդները», որոնցից ամենահայտնին «1 տարուց մինչեւ 5 տարի» ժամկետով է: Նշենք, որ շատ քաղաքացիներ ավանդ են ձեւակերպում մեկ տարուց մեկ-երկու շաբաթ ավելի ժամկետով: Տոկոսն այդ դեպքում ավելի բարձր է (ի տարբերություն տարեկան «մաքուր» ներդրումից), իսկ տեւողության առումով տարբերությունը փոքր է:
Կդիտարկենք նույն ժամանակահատվածով վարկերի տվյալները (1 տարուց մինչեւ 5 տարի): Ավանդների եւ վարկերի տոկոսադրույքները նույնպես դիտարկենք միջինով: Քանի որ արտարժութային ավանդների գերակշիռ մասը բաժին է ընկնում ԱՄՆ դոլարին, պայմանականորեն կենթադրենք, որ ֆիզիկական անձանց բոլոր ավանդներն ամբողջությամբ արտահայտված են այս արժույթով:
Այս տարվա հուլիսին դրամով ավանդների միջին տարեկան ծավալը կազմել է 9.8 տոկոս, մինչդեռ դոլարով ավանդների դեպքում այս ցուցանիշը 2.3 անգամ ավելի քիչ էր` 4.2 տոկոս: Նման շոշափելի տարբերությունը խրախուսում է բազմաթիվ ավանդատուների (որոնք նպատակ ունեն ստանալ ավելի բարձր եկամուտ՝ տոկոսների տեսքով)՝ հօգուտ ազգային արժույթի ընտրությունը: Այսինքն, այն ծառայում է բանկերի ավանդների ապադոլարայնացման նպատակին:
Որոշ քաղաքացիներ իրենց գումարները պահում են բանկերում, իսկ մյուսները վարկեր են վերցնում այդ հաստատություններից: Այսպիսով, մեջբերենք վարկերի ցուցանիշները, կրկին ֆիզիկական անձանց մասով: Ազգային արժույթով վարկի տարեկան վճարները հուլիսին կազմել են միջինը 14.1 տոկոս: Սակայն դոլարի դեպքում տոկոսները նկատելիորեն ցածր էին` 11.6 տոկոս: Ստացվում է, որ վարկատուների համար ավելի ձեռնտու է ա՞յս արժույթով վարկեր ստանալը: Չնայած կան լուրջ ռիսկեր, եթե վարկի ժամկետի ընթացքում դոլարը հանկարծակի «թանկանա»: Նման բան շատ է եղել:
Այժմ եկեք հաշվենք առեւտրային բանկերի մարժան` ավանդների եւ վարկերի տոկոսների միջեւ տարբերությունը: Այս ցուցանիշով բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվում: Դրամային արտահայտությամբ, միջին մարժան հուլիսին կազմել է 4.3 տոկոս (վարկերի գծով` 14.1 տոկոս, ավանդների գծով` մինուս 9.8 տոկոս): Իսկ դոլարի դեպքում մարժան գրեթե կրկնակի ավելի էր` 7.4 տոկոս (վարկերի գծով` 11.6 տոկոս, ավանդների գծով` մինուս 4.2 տոկոս): Պատճառն ակնհայտ է՝ դոլարով ավանդների տոկոսադրույքները բավականին ցածր են մեր պայմաններում:
Այս տարվա հունիսի վերջի դրությամբ տնային տնտեսությունների մասնաբաժինը ռեզիդենտների արտարժույթով ժամկետային ավանդների ընդհանուր գումարում կազմել է գրեթե 87 տոկոս:
Սպառողական վարկերը ամենաբարձր ռիսկով վարկերի առաջին տեղում են: Հետեւաբար, այդ վարկերը հատկացվում են տարեկան բավականին բարձր տոկոսադրույքներով: Ահա մեկ տիպիկ օրինակ՝ պատահականորեն ընտրված առեւտրային բանկից: ՀՀ դրամով սպառողական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը (առանց գույքի գրավի) տատանվում է 14.5 տոկոսից մինչեւ 24 տոկոս: Չնայած արժույթները տարբեր են, այնուամենայնիվ, այս տարեկան տոկոսադրույքների վերին մակարդակը ՀՀ դրամով (24 տոկոս) համեմատենք դոլարային ավանդների միջինից բարձր տոկոսների հետ (4.2 տոկոս):
Այսպիսով, մեր երկրում քաղաքականությունը պաշտոնապես ուղղված է տնտեսության ապադոլարայնացմանը, սակայն իրականում արտարժույթի բարձր մարժան խրախուսում է բանկերին ներգրավել ֆիզիկական անձանց հենց «դոլարային» ավանդները, քանի որ այս տեսակի ավանդներն իսկական «ոսկերակներ» են այդ կազմակերպությունների համար:
Այնուամենայնիվ, բանկերի «ոսկու հանքերը» չեն սահմանափակվում վերը նշվածով: Ի վերջո, նկատելի տարբերություն կա առեւտրային բանկերից վարկի տոկոսների եւ ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջեւ (ներկայումս 7 տոկոս):
Սմբատ Գրիգորյան




























