Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները՝ առանց ղարաբաղյան հարցում առաջընթացի հայ-թուրքական երկխսության անհնարինության մասին, եւս փաստում է այն հանգամանքը, որ այդ երկրները չեն հրաժարվել պանթյուրքիզմի եւ նեոօսմանիզմի գաղափարներից, այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա վերահաստատել է, որ Ղարաբաղի հարցով կարող է զբաղվել միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Իսկ Թուրքիան, փոխանակ զբաղվի այլոց խնդիրներով, ավելի լավ է լուծի իր սեփական խնդիրները եւ դուրս բերի զորքերը Հյուսիսային Կիպրոսի գրավված տարածքներից»,- խորհուրդ է տվել Շարմազանովը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Շարմազանովը հիշեցրել է, որ Ղարաբաղը չի եղել եւ չի լինի անկախ Ադրբեջանի կազմում: «Ադրբեջանը պետք է ազատի հայկական Գետաշենն ու Մարտունաշենը, Շահումյանն ու Արծվաշենը, որ հայ փախստականները կարողանան վերադառնալ իրենց տները»,- ասել է Շարմազանովը:

Ամփոփելով, նա շնորհավորել է հայ ժողովրդին Լաչինի ազատագրման 18-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը այլընտրանք չկա: