Մայիսի 20-ին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» Հիմնադրամը մեկնարկում է բնակարանների վերանորոգման նոր ծրագիր Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Ծրագիրը նպատակաուղղված է ցածր եկամուտ եւ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող 5 ընտանիքների բնակարանների վերանորոգմանը: «Այս ծրագիրը փորձնական է եւ դրա հաջողության դեպքում Հաբիթաթ Արմենիան պլանավորում է Արարատի եւ Արմավիրի մարզերում բնակարանների վերանորոգման մատչելի փոխառություն ստացող ընտանիքների թիվը հասցնել 200-ի»,-ասել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» Հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Վանյանը:

Մայիսի 19-ին Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա Հիմնադրամը հյուրընկալել է ԱՄՆ-ից ժամանած Գլոբալ Վիլիջի 11 կամավորներին, որոնք եկել են մեծ խանդավառությամբ մասնակցելու Նոր Խարբերդ համայնքի բնակիչ Նահապետ Դավթյանի տան շինարարական աշխատանքներին:

«Շատ ողջունելի է, որ ներկայիս հասարակարգում կան մարդիկ, ովքեր պատրաստ են անշահախնդիր օգնել կարիքավոր ընտանիքներին: Սա իսկապես մեծ աջակցություն է մեզ համար»,- ասել է Նահապետ Դավթյանը:

Ծրագրի մեկնարկն ազդարարվել է Նահապետ Դավթյանի տան օրհնության հանդիսավոր արարողությամբ, որից հետո սկսվել են շինարարական աշխատանքները: Այս տարի Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա Հիմնադրամը հյուրընկալելու է Գլոբալ Վիլլիջ կամավորների եւս 7 թիմի, որոնք ցանկանում են օգնության ձեռք մեկնել աղքատ բնակարանային պայմաններում ապրող հայ ընտանիքներին: