Մոսկվայի հարավ-արեւելքի դպրոցներից մեկը կրելու է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, նման որոշում են կայացրել քաղաքային իշխանությունները՝ արձագանքելով թիվ 481 դպրոցի կոլեկտիվի խնդրանքին:

«Ուսուցիչների կարծիքով, կրթական հաստատության նման անվանակոչումը նոր մակարդակի կբարձրացնի սովորողների հայրենասիրական դաստիարակությունը»,- գրում է պարբերականը:

Հովհաննես Բաղրամյանը հայ խորհրդային զորավար է, ով առանցքային դեր է խաղացել Մեծ Հայրենականի տարիներին, ԽՍՀՄ Կրկնակի հերոս է, Լենինի յոթ շքանշանների կրող, մի շարք այլ պարգեւների դափնեկիր: