Պահանջարկի նվազման կապակցությամբ առաջիկա ձմեռային ամիսներին «Լյուֆթհանզա» ավիաընկերությունը մտադիր է սահմանափակել իր չվերթները գերմանական եւ եվրոպական ուղիներով: Ընկերությունը մտադիր է 7,4 տոկոսով նվազեցնել չվերթների քանակը: Նոր գրաֆիկը գործելու է 2009թ. հոկտեմբերի 25-ից մինչեւ 2010թ. մարտի 27-ը:

Վերջին ամիսներին, կապված աշխարհում տիրող տնտեսական իրավիճակի հետ, «Լյուֆթհանզա» ընկերությունը դադարեցրել է իր թռիչքները Երեւան (Հայաստան), Բրիստոլ (Մեծ Բրիտանիա), Ուֆա (Ռուսաստան) եւ Պորտլանդ (Օրեգոն, ԱՄՆ) քաղաքներ: Հարկ է, սակայն, նշել, որ Երեւանում գործող ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչներից մեկի, որը ցանկացավ գաղտնի մնալ, խոսքերով, «Լյուֆթհանզայի»՝ Հայաստանում գործունեությունը դադարեցնելու գլխավոր գործոնը «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկման բարձր գինն է: Մասնավորապես նա նշեց, որ Հայաստանում մի ինքնաթիռի սպասարկում արժենում է մինչեւ 5 հազար դոլար, մինչդեռ հարեւան Վրաստանում՝ ընդամենը 2,5 հազար:

Աղբյուրի խոսքերով, հենց դա է պատճառը, որ ավիաընկերությունները պարզապես հրաժարվում են թռչել Հայաստան: «Այդպես եղավ եւ „Լյուֆթհանզայի“ հետ: Իսկ „Աերոֆլոտ“, Air France եւ այլ ընկերությունները կշարունակեն թռչել Հայաստան, անգամ եթե դա վնասով լինի, քանի որ այս դեպքում գործում են միջկառավարական, միջպետական պայմանավորվածություններ»,- նշել է աղբյուրը: Նա նաեւ նշել է, որ «Զվարթնոց» հայկական օդակայանի ղեկավարությունը չի պատարստվում իջեցնել տարիֆները: «Չեք ուզում, մի թռեք»,- ասում են այնտեղ: