ԱՄՆ Ջորջիա նահանգի օդանավակայանում մեկ շարժիչանի ինքնաթիռի կործանման հետեւանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով FOX 5 տեղական հեռուստաալիքը:

«Ինքնաթիռում, որը հրդեհվել է ուրբաթ կեսօրին Դե Կալբ-Պիչտրի օդանավակայանի տարածքում տեղի ունեցած վթարից հետո, չորս մարդ է եղել: Նրանք բոլորը մահացել են»,- հայտնել են փրկարարները:

Հեռուստաալիքի տվյալներով` ինքնաթիռի վթարից հետո օդանավակայանը փակվել է: Ինքնաթիռի ուղեւորների ինքնությունը դեռ չի բացահայտվում:

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը եւ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն են սկսել միջադեպի կապակցությամբ: