Հայ ազգային կոնգրեսը նոր համապետական հանրահավաք անցկացնելու որոշում դեռ չի կայացրել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Վերջինս հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսի որդեգրած քաղաքականությունը հանրահավաքների դադարի մասով ամենաճիշտն է: «Այն ինչ անում է կոնգրեսը, լրիվ ճիշտ է: Հանրահավաք անցկացնելու օրվա մասին մենք դեռ որեւէ որոշում չունենք, որովհետեւ ճիշտ ենք համարում առայժմ շարունակել այն, ինչ անում ենք»,- նկատեց Շահնազարյանը եւ հավելեց. «Մենք պարզ ասել ենք, որ առայժմ մեր ուժը չի բավականացնում իշխանափոխություն իրականացնելու»:
Իսկ Հայաստանի առջեւ ծառացած բոլոր վտանգներից խուսափելու միակ ճանապարհը, ըստ Շահնազարյանը, իշխանափոխությունն է: «Միայն ժողովրդավարական Հայաստանը, միայն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է վերացնել այս վտանգները: Այլ ճանապարհ չունենք»,- ամփոփեց ՀԱԿ ներկայացուցիչը:




























