Թուրքիայի կաթոլիկ եպիսկոպոսության առաջնորդ, եպիսկոպոս Լուիջի Պադովեզեն կարծում է, որ Թուրքիայում քրիստոնյաների վիճակը չի բարելավվում՝ չնայած նրան, որ երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են այդ մասին։
Այլ խնդիրների հետ մեկտեղ՝ կաթոլիկ հանրությանը դեռեւս չի վերադարձվել Տարսոն քաղաքում գտնվող Սուրբ Պավելի կաթոլիկ եկեղեցին, ինչպես նաեւ դեռեւս թույլտվություն չկա Կոստանդնուպոլսում աստվածաբանական ակադեմիա բացել, որը կղեկավարի էկումենիկ պատրիարքարանը, հայտնում է SIR գործակալությունը։
«Թուրքիայի վարչապետի հանդիպումը արքեպիսկոպոս Բարդուղիմեոս Առաջինի եւ փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների հետ՝ ոչ մի արդյունք չտվեց»,-նշել է եպիսկոպոսը՝ ավելացնելով, որ Թուրքիայի քրիստոնյաները սպասում են, թե այդ հռչակագրերը երբ կվերածվեն իրական քայլերի։ Պադովեզեն համոզված է, որ Թուրքիան ստիպված կլինի իրականացնել այդ քայլերը, որպեսզի դառնա Եվրամիության անդամ։ Այս առումով նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական է գնահատել։ Նրա խոսքով, երկու պետություններն էլ հետաքրքրված են նշված խնդիրների հստակեցմամբ եւ բարիդրացիական հարաբերությունների պահպանմամբ։
«Սակայն պետք չէ մոռանալ անցած իրադարձությունների մասին» ,-նշել է նա։




























