Հայաստանյան շուրջ 60 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ անդրադարձել են Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակը հրկիզելու փորձի հետ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2011 թվի հուլիսի 6-ի առավոտյան ժամը 5-ի մոտ, անհայտ անձինք մետաղյա ճաղերի արանքից կոտրել են Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի Գյումրու գրասենյակի պատուհանի ապակին եւ հեղուկ վառելանյութով հրկիզել պատուհանն ու պատուհանագոգը: Գրասենյակի հարեւանությամբ ապրող մարդիկ, տեսնելով կրակը, զանգել են հրշեջ ծառայություն եւ ինքնուրույն միջոցներ ձեռք առել հրդեհը հանգցնելու համար, ինչից հետո հրդեհը հանգցրել են: Ուսումնասիրությունից պարզվել է, որ էականորեն վնասվել է գրասենյակի դասընթացների սրահի գույքի մի մասը եւ սրահն ամբողջությամբ, ինչի նորոգման ծախսը գերազանցում է 600.000 դրամը:
Մենք, հայաստանյան քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մտահոգություն ենք հայտնում այս հարձակման եւ հրկիզման կապակցությամբ, դատապարտում ենք այս հարձակումը ծրագրողների եւ իրականացնողների հանդգնությունը, նշելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ փորձում են այս մեթոդներով ահաբեկել կամ պատժել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությանը եւ իրավապաշտպաններին:
Ոստիկանությունը պարտավոր է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել, շուտափույթ բացահայտելու համար հանցագործության անմիջական կատարողներին եւ պատվիրողներին, ապահովել բավարար հրապարակայնություն գործի ընթացքի մասին:
Կոչ ենք անում իշխանություններին հրապարակավ դատապարտել նմանատիպ բռնության դրսեւորումները եւ աջակցել Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության եւ Գյումրիի գրասենյակի բնականոն գործունեությունը շարունակելուն:
Հույս ենք հայտնում ու Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպությունը եւ Գյումրիի գրասենյակը արագ կհաղթահարեն ժամանակավոր դժվարությունները, մնալով մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում այնպես հետեւողականորեն, ինչպես եղել են 15 տարի շարունակ»:



























