Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, արդեն մի քանի օր է, համառորեն խուսափում է պատասխանել Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի եւ մարզպետարանի միջեւ Կապանում ռուսական հանրակրթական գիմնազիա բացելու պայմանագրի վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հարցին՝ մեկ պատճառաբանելով, որ զբաղված է եւ առաջարկում հարցը «ֆաքս անել», մեկ էլ հավատացնում է, թե հիվանդանոցում է եւ չի կարող խոսել։ Կապանում ռուսական գիմնազիա բացելու մասին համագործակցության պայմանագիրը, հիշեցնենք, ՌԴ դեսպանատան եւ Սյունիքի մարզային իշխանությունների միջեւ ստորագրվել էր հունիսի 29-ին, այն դեպքում, երբ «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` նման ուսումնական հաստատություն «կարող է ստեղծվել բացառապես կառավարության որոշմամբ կամ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ` միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններում»:

Այսօր էլ, երբ զանգահարեցինք Սուրեն Խաչատրյանին, նա կրկին խորհուրդ տվեց հարցն ուղարկել ֆաքսով՝ նշելով, որ ինքը այդ պահին բժշկի մոտ է եւ չի կարող պատասխանել մեր հարցին։ «Հետո, հետո...»,- ասաց նա, եւ մինչեւ կհարցնեինք, թե որքա՞ն ժամանակից կրկին կարող ենք իրեն զանգահարել, մարզպետը վայր դրեց հեռախոսը եւ տեւական ժամանակ անջատած էր պահում այն։

Նշենք, որ Հանրապետական կուսակցության անդամ լինելով հանդերձ՝ Սուրեն Խաչատրյանը դեռ անցած տարի դեմ էր արտահայտվել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը՝ նշելով. «Օտարալեզու կրթությունը ո՞րն է, հիմա դպրոցում անգլերեն չե՞ն անցնում։ Եթե մեկն ուզում է, որ իր երեխան անգլերեն սովորի, թող տանի եւ վճարի, սովորեցնի»:

Նշենք նաեւ, որ ինչպես ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «աղմուկը, որը որոշ մարդիկ փորձում են բարձրացնել այս հարցի շուրջ, որեւէ իրավական հիմք չունի»:

«Որքանով ես տեղյակ եմ, արձանագրությունը ցանկությունների կուտակում է եւ միջազգային կրթական ծրագիրը Հայաստանում կարող է իրականացվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ոչ մի ուրիշ այլ կերպ։ Հետեւաբար ակնհայտ է նաեւ այն մարդկանց համար, որ այս արձանագրությունը չի կարող հիմք ծառայել նման միջազային կրթական ծրագիր իրականացնելու համար»,- ասել էր նա։