Դոնի Ռոստով կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան այցելել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայկական գյուղ: ՀՀ կառավարության ղեկավարը, ում Չալթրի հայկական համայնքը դիմավորել է մեծ խանդավառությամբ, ծանոթացել է տեղի հայության գործունեությանը, կենցաղին, պատմությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետն այցելել է Չալթրի Սուրբ Համբարձում եկեղեցի, ապա ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված հայ ժողովրդի` պատմության ընթացքում տված բազմաթիվ զոհերին նվիրված խաչքարի, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ: Այնուհետեւ ՀՀ կառավարության  ղեկավարը եղել է Չալթրի  պատմաազգագրական թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանն ունի 8 հայկական գյուղ: Մյասնիկյանի շրջանում ընդհանուր առմամբ բնակվում է 30 հազար հայ, միայն Չալթրում` 15 հազար: Սուրբ Համբարձում եկեղեցու հոգեւոր հայր Տեր Թադեւոս Հայբարյանը նշել է, որ այստեղ հայապահպանությունը բարձր մակարդակի վրա է. «Ընտանիքներում երեխաներին դեռեւս մանկուց են սովորեցնում  հայերենը,  պահպանվում են հայկական ավանդույթները` սկսած արհեստներից վերջացրած ճաշատեսակներով»: Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում է գտնվում նաեւ Նոր Նախիջեւան հայկական քաղաքը: