Մասիսի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 11-ին հերթական` 5-րդ անգամ հետաձգվել է ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործով դատական նիստը: Դատաքննությանը ներկա չեն եղել տուժողի իրավահաջորդը, գործով վկաները եւ մեղադրյալի պաշտպանը: Դատարանի պնդմամբ` գործով վկաներն ու Զարուհու իրավահաջորդը պատշաճ ծանուցվել են, սակայն վերջինիս ներկայացուցիչը դատական նիստից 10 րոպե առաջ հայտնել է, որ նիստի օրվա մասին ծանուցված չի եղել:
«Ես դատական նիստի մասին իմացել եմ ընդամենը 10 րոպե առաջ, հետեւապես նիստին մասնակցել չէի կարող: Չեմ բացառում, որ ծանուցում ուղարկվել է, սակայն ես այն չեմ ստացել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր բացակայությունը բացատրեց Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդ Գոռ Մարգարյանը:
Ինչ վերաբերում է մեղադրյալի պաշտպանին, ապա վերջինս դատարանին իր առողջական խնդիրների մասին բժշկական տեղեկանք էր ներկայացրել, նշելով, որ կապաքինվի հունիսի 21-ին: Իսկ գործով մեղադրյալ Յանիս Սարկիսովը մերժել է առանց դատապաշտպանի նիստը շարունակելու առաջարկը, ուստի, դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ հուլիսի 22-ը:
Նշենք, որ Զարուհու ամուսնուն` Խաղաղապահ գնդի պայմանագրային զինծառայող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ մահ առաջացնելու հոդվածով, որը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Նախկինում դատական նիստը մի քանի անգամ հետաձգվել էր Յանիսի պաշտպանի կողմից նիստը դռնփակ անցկացնելու պահանջը տարբեր ատյանների դատարաններում հաստատելու ակնկալիքով:
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010թ. հոկտեմբերի 1-ին, էրեբունի հիվանդանոցում: Նա ունի մանկահասակ դուրստր, որը գտնվում է մանկատանը:
Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը եւ կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ:



























