Ադրբեջանում ծայր առած հակաթուրքական հիստերիան առանձնապես չի կարող խորանալ: Ադրբեջանում Թուրքիայի դեմ սիմվոլիկ նշանակության մի քանի բաներ կանեն եւ դրանով ամեն ինչ կավարտվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների՝ վերջին օրերին Թուրքիայի դեմ սկսած արշավը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպման օրը Ադրբեջանը Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքեց, որն ակնհայտորեն հակասում էր Թուրքիայի շահերին: Իսկ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Թուրքիայի հետ գազի տարանցման բանակցություններ անցել են ապարդյուն: Բայց հակաթուրքական ակցիաների գագաթանակետն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Բաքվում Շահիդների ծառուղուց թուրքական դրոշները հանելու փաստն էր:
Մինչեւ ո՞ւր կհասնի հակաթուրքական հիստերիան Ադրբեջանում. NEWS.am-ի հարցին Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Ես կարծում եմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունու մեջ եւ Ռուսաստանը եւ Ադրբեջանը էներգակիրների մատակարարներ են, եւ այդ առումով մրցակիցներ են: Իսկ էներգակիրների մատարարումը պարզ ապրանքի մատակարարում չէ, դա նաեւ լծակ է: Եւ Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում մտադիր չէ լծակներ հանձնել Ռուսաստանին»,- մանրամասնեց փորձագետը եւ հավելեց. «Սա պարզապես Թուրքիայի վրա պարզ ճնշում գործադրելու գործողություն է: Ճնշում՝ ուղղված նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների իբր թե լավացման ֆոնին հանկարծ Թուրքիան չմոռանա Ադրբեջանի շահերը»: Մինչդեռ, ըստ փորձագետի՝ Թուրքիան միշտ հավաստիացնում է, թե նման բան չի կարող տեղի տեղի ունենալ: «Այսինքն այն, որ Հայաստանի հետ փաստացի, նյութականացված, այլ ոչ „պրոտոկոլային“, առաջընթաց կարող է տեղի ունենալ, երբ առաջընաց կարձանագրվի հայ-ադրբեջանական բանակցություններում»,- նկատեց Մեհրաբյանը:




























