«Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արեւաբույր գյուղի հատվածում երեկ առավոտյան ժամը 7-ին «ԲՄՎ» մակնիշի 22 0Տ 525 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 25-ամյա Սուրիկ Թովմասյանը, բախվել է իր առջեւից ընթացող 48-ամյա Ժիրիկ Սարգսյանի «Կամազ» մակնիշի ավտոմեքենային եւ շուռ գալով՝ մոտ 5 մետր սահել բաժանարար հատվածում:
Վթարի վայրից 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց, իսկ հետո՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, գրում է «Առավոտ»-ը` շարունակելով. «Մինչ դեպքի վայրում ոստիկանությունն ու ապահովագրական ընկերությունները իրենց աշխատանքն էին կատարում, նշված ճանապարհով Երեւան էր մեկնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ Երեւանից Արտաշատ էր մեկնում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
Նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում իրար են բախվել «Վոլվո» մակնիշի 61 ԼԼ 613 համարանիշի եւ «Ջիպ» մակնիշի 61 00 899 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի վայրից «Վոլվո»-ի վարորդը՝ 54-ամյա Հրաչիկ Կիրակոսյանը, եւ նրա 2 ուղեւորները տեղափոխվել են Էջմիածնի հիվանդանոց, իսկ «Ջիպ»-ի վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Հակոբյանը, Մեծամորի հիվանդանոց: Այդ պահին Արմավիրից Երեւան էր մեկնում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շտապում էր կառավարություն»:



























