Երեւանի Աջափնյակ վարչական համանքի Տիչինայի փողոցի 118 հա հողատարածքի կառուցապատման հարցը մտել է փակուղի: Սույն հողատարածքը 2008 թ. օտարվել է «Դեֆենս հաուզինգ ինվեստ» ընկերությանը` կառուցապատում իրականացնելու իրավունքով:

Ընկերությունը հողամասի համար պարտավորվել է վճարել 3.6 մլրդ դրամ, ինչպես նաեւ ստանձնել է 3.5 մլրդ դրամի չափով մայրուղային ճանապարհների շինարարության պարտավորություն:

Նշենք, որ հողամասը գտնվում է «Շահումյան-2» գերեզմանատան անմիջական հարեւանությամբ:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ  անցյալ տարի կառավարությունը թույլ է տվել «Դեֆենս հաուզինգ ինվեստ»-ին օգտագործել նաեւ գերեզմանատանը հարող տարածքները, թեեւ դրան առարկել են բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարությունները:

Սակայն այդ որոշումից անցել է մոտ 1 տարի, իսկ ծրագիրը չի իրագործվում: Խնդիրն այն է, որ կառավարությունը պարտավորվել է քանդել Տիչինայի փողոցի մերձակա տարածքներում ապօրինի շինությունները, ինչը չի կատարել: Բացի այդ` ընկերությանը սխալ տեղեկատվություն են տվել առկա խողովակների, էլեկտրահաղորդման գծերի, ճանապարհների ու հողօգտագործողների վերաբերյալ: Մասնավորապես` այդ տարածքներում մոտ 350 հողօգտագործող կա, ու նրանց մի մասը Աջափնյակ թաղային համայնքի հետ միանգամայն օրինակելի պայմանագրեր ունեն` պահուստային հողերն օգտագործելու մասին: Ստացվում է` պետությունը նույն հողակտորի նկատմամբ 2 տարբեր անձանց հետ պայմանագրեր է կնքել: Եթե սա տեղի ունենար մասնավոր իրավունքի սեկտորում` կհարուցվեր քրեական գործ` խաբեության հայտանիշով:

Սակայն տվյալ դեպքում մենք գործ ունենք ուղղակի որոշ չինովնիկների անփութության հետ:

Այսպես, թե այնպես` «Դեֆենս հաուզինգ ինվեստ» ընկերությունը չի կարողանում սկսել կառուցապատումը, թեեւ պարտավորվել էր ֆինանսավորել նաեւ մայրուղային ճանապարհների շինարարությունը:

Այս հարցին լուծում տալու նպատակով կառավարության հուլիսի 14-ի նիստի օրակարգ է մտել մի որոշման նախագիծ, որով ներկա քաղաքապետ Կարեն Կարապետյանին կտրվեն լրացուցիչ լիազորություններ` «Դեֆենս հաուզինգ ինվեստ»-ի հետ պայմանագրում օպերատիվ փոփոխություններ մտցնելու համար: Քաղաքապետը պետք է լուծի նաեւ 350 հողօգտագործողների խնդիրը:

Սամվել Ավագյան