Ուրբաթ օրը, հոկտեմբերի 16-ին, «Իմ տրիցու» շարժումը Թել Ավիվում՝ Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է անցկացրել։ Շարժման ակտիվիստները լուսանկարների ցուցահանդես էին պատրաստել, որոնք պատմում էին հայ ժողովրդի ցեղասպանության մասին, եւ Թուրքիայի կառավարությանը կոչ էին անում ընդունել «Հայերի հոլոքոստի» փաստը՝ Օսմանայան կայսրությունում։
«Իմ տրիցու» շարժումը ստեղծվել է Իսրայելի համալսարանների ուսանողների կողմից՝ երկրորդ լիբանանյան պատերազմից հետո։ Նրա կազմակերպիչները նպատակ են հետապնդում ուժեղացնել եւ փոփոխել սիոնիստական արժեքները Իսրայելի հասարակության մեջ։
Նշենք, որ ցույցը տեղի է ունեցել թուրք-իսրայելական հարաբերությունների անկման համապատկերում։
Ներկայումս, պետությունների միջեւ սկանդալ է առաջացել այն ֆիլմի պատճառով, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստաընկերությամբ, որտեղ պատկերված է երեխային սպանող իսրայելացի։ Այս կապակցությամբ, Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը օրերս Երուսաղեմ է հրավիրել Թուրքիայի դեսպանին։ Լիբերմանի խոսքով՝ այդպիսի կադրերի ցուցադրումը Իսրայելի նկատմամբ ատելություն է առաջացնում։ Դրվագներից մեկում ներկայացված է «իսրայելական զավթիչ զորքից» մի զինվոր, որը սառնասրտորեն սպանում է պաղեստինցի աղջկան, ով վստահող ժպիտով իրեն էր նայում…
Ինչպես հայտնում է «Էդիոտ ախրոնոտ» թերթը, դրվագների մի մասը, որոնք դիտելուց հետո վատանում է աշխարհի ցանկացած պետության յուրաքանչյուր հանդիսատես, նկարահանվել է Երուսաղեմի Լացի պատի մոտ։




























