Ոստիկանները պարզել են, որ կոտրվածքներով Թալինի հիվանդանոց տեղափոխված երիտասարդը ոչ թե ընկել է, այլ` վթարի ենթարկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 11-ին հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.35-ին դեմքի սալջարդով, քթոսկրի կոտրվածքով եւ դաստակի քերծվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 32-ամյա Գոռ Հ.-ն: Նա ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է շենքի շքամուտքում` աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հուլիսի 11-ին, ժամը 03.00-ի սահմաններում, 31-ամյա Էմիլ Ա.-ն Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Թալինի Սպանդարյան փողոցում  բախվել է մայթեզրի քարերին, ինչի հետեւանքով ուղեւորը` Գոռ Հ.-ն, ստացել է նշված վնասվածքներն ու տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: