Չինաստանի հյուսիսարեւմտյան Սիան քաղաքի արվարձանում գտնվող ընդարձակ գերեզմանը նույնականացվել է որպես երկիրը մ․թ․ա․ 180-157թթ․ կառավարած կայսր, Արեւմտյան Հան դինաստիայից Վենի դամբարան, գրում է Planet- today-ը։

Տեղական լեգենդն ասում է, որ լեռը, որը գտնվում է Սիան քաղաքի մոտ եւ հայտնի է որպես Փյունիկի երախ, կայսեր գերեզմանն է: Այս լեգենդը բերնեբերան է փոխանցվել հազարավոր տարիներ, ինչի մասին են վկայում լեռան վրա գտնվող 10 քարե տախտակները, որոնց վրա կայսեր մասին գովասանքներ են գրված։ Եւ նաեւ հուշարձանը, որը նշում է նրա վերջին հանգրվանը, որը կանգնեցվել է Փյունիկի երախում՝ Ցին դինաստիայի օրոք: Սակայն բազմաթիվ հնագիտական ուսումնասիրությունները լեռան տակ թաղված լինելու որեւէ ապացույց չեն գտել: Փյունիկի երախը բնական բլուր է, այլ ոչ թե բարձունք:

Վեն կայսեր իրական դամբարանը հայտնաբերվել է սարից մեկուկես կիլոմետր հեռավորությամբ՝ 2017 թվականի պեղումների ժամանակ, որոնք նախատեսված են եղել գերեզմանի թալանը կանխելու համար։

Կենտրոնական գերեզմանը շրջապատված է եղել ավելի քան հարյուր փոսերով եւ զոհաբերության գերեզմաններով։ Այժմ աշխատանքներ են տարվում դրանցից 8-ում։ Սակայն հնագետներն արդեն հայտնաբերել են Արեւմտյան Հան դինաստիայի հսկայական թվով արտեֆակտներ, այդ թվում՝ ավելի քան 1000 ներկված կերամիկական արձանիկներ, կայսերական դամբարանների պահապաններ, երկաթե թրեր, կառքի պղնձե բեկորներ, պաշտոնական կնիքներ եւ ոսկյա զարդեր: Այստեղ հայտնաբերվել են նաեւ կենդանիների զոհաբերական գերեզմաններ, բրոնզե մատանիներ եւ մետաղադրամներ։

Գիտնականները գերեզմանի նման հարուստ գույքագրումը կապում են այն փաստի հետ, որ դամբարան-արբանյակներից մեկը պատկանել է կայսր Վենի մորը՝ կայսրուհի Դովագեր Բոյին, որը մահացել է մ.թ.ա. 155 թվականին:

Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի հնագիտության հետազոտող Լյու Ցինչժուի խոսքով, վեհաշուք դամբարանը Չինաստանի թագավորական դամբարանների պատմության կարեւոր մասն է:

Նախորդ տիրակալների դամբարանները ընդգծում էին իրենց ընտանիքների միջեւ կապերը: Օրինակ՝ արքայական զույգերին հաճախ միասին էին թաղում։